Home / Армения / «Առավոտ». Հացից կտրել են` հանուն Մեդվեդևի

«Առավոտ». Հացից կտրել են` հանուն Մեդվեդևի

Մայրաքաղաքի 10 ընտանիք պետք է մի կերպ գոյատևի` մինչև ՌԴ նախագահը Հայաստանից գնա: Շիրազի փողոցում ստեղծված իրավիճակի մասին գրում է «Առավոտը»:

Ամսի 15-ից սկսած` թաղապետարանի և քաղաքապետարանի աշխատակիցները մեծ կռիվների գնով Շիրազի փողոցից ապամոնտաժել են շուրջ 10 առևտրականների կրպակներ, ինչ է թե Շիրազի փողոցով` Աշտարակի ճանապարհով, նախատեսված է, որ պետք է անցնի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությունը: Չնայած Մեդվեդևի պաշտոնական այցը Հայաստան նախատեսված է այսօր` օգոստոսի 18-ին, բայց մեր իշխանություններն արդեն մի քանի շաբաթ է, ինչ պատրաստվում են այդ այցին:

Կոնկրետ Շիրազի փողոցում օրվա հացը վաստակող առևտրականերին Աջափնյակի թաղապետարանի առևտրի բաժնից «քշել» են ու ստիպել, որ 1 շաբաթով` մինչև օգոստոսի 22-ը դադարեցնեն իրենց գործունեությունը` ասելով, թե Մեդվեդևը պետք է մեր երկրում տեսնի միայն մաքրությունից փայլող, խաղաղ փողոցներ, ոչ թե փողոցային շուկա ու անկապ կրպակներ:

Չնայած դրան` ինչ է թե ՌԴ նախագահը «քրջոտ» չտեսնի Շիրազի փողոցը, թաղապետարանը մեծ ջանքերով ու առևտրականների հետ կռիվ տալով` շուրջ 10 ընտանիքի կտրել է օրվա հացից, այն դեպքում, երբ այդ մարդիկ օրվա 500-1000 դրամի հույսին են: Այդ առևտրականներն ընտանիք են պահում, երեխաներ ունեն, որոնք ուտել են ուզում: