Home / Հայաստան / ԱԳՆ-ում քննարկեցին Հայաստան – ԵՄ համագործակցությունը

ԱԳՆ-ում քննարկեցին Հայաստան – ԵՄ համագործակցությունը

Օգոստոսի 23-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Շվեդիայի դեսպան Հանս Գունար Ադենին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Ադենին` հայ-շվեդական հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ավանդի համար:

Կողմերը կարևորեցին Հայաստանի և Շվեդիայի միջև երկկողմ տնտեսական կապերի զարգացումը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցության շուրջ:

Դեսպանի խնդրանքով անդրադարձ կատարվեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցերի:

Հանդիպման ավարտին, ի նշանավորումն հայ-շվեդական հարաբերությունների ամրապնդման գործում դեսպան Ադենի ներդրման, նախարար Նալբանդյանը ԱԳՆ հուշամեդալ հանձնեց Հանս Գունար Ադենին: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ տեղեկատվական վարչությունը: