Home / Армения / Պատրաստվում է մեր դիվանագիտության ձախողումը. Զուրաբյան

Պատրաստվում է մեր դիվանագիտության ձախողումը. Զուրաբյան

Այսօր ՀԱԿ-ի Կենտրոնական գրասենյակում անցկացվեց քաղխորհրդի նիստ, որը վարեց ՀՀ առաջին նախագահ, ընդդիմության առաջնորդ Լևոն  Տեր-Պետրոսյանը: Նիստից անմիջապես հետո ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանից տեղեկացանք, թե ինչ հարցեր են քննարկվել նիստում:

Զուրաբյանը նշեց, որ մանրամասն քննարկվեցին արտաքին քաղաքական գործընթացները և աշխարհաքաղաքական իրողությունները:

«Կարծում ենք, որ լուրջ պրոցեսներ են գնում, որոնց պետք է հետևել, վերլուծել և ճշգրտորեն գնահատել: Մեխը դա Ռուսաստանի հետ այդ պայմանագրի ստորագրումն է (նկատի ունի Ռուսաստանի ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգումը-հեղ.), բայց այդ, պայմանագրի խնդիրը քննարկվեց ավելի լայն կոնտեքստում`տարածաշրջանային կոնտեքստում», – նշեց Զուրաբյանը:

Քաղխորհրդի նիստում քննարկվել են սեպտեմբերի 17-ի հանրահավաքին առնչվող խնդիրները, ինչպես նաև հարց է բարձրացվել ՀԱԿ-ի կողմից քաղաքական մոնիտորինգի անցկացման մասին, քանի որ, Զուրաբյանի խոսքով, «պատրաստվում է մեր դիվանագիտության հերթական ձախողումը»:

«ՄԱԿ-ում, ըստ էության, հակահայկական, պրոադրբեջանական բանաձևի ընդունման հնարավորություն կա: Մենք ուշադիր հետևելու ենք այդ իրավիճակին, թե դա ինչ բանաձև է և ինչ հետևանքներ է ունենալու: Եթե այն ընդունվի, հերթական շատ ծանր հարվածն է լինելու և’ Ղարաբաղի հարցին, և’ Հայաստանի դիրքերին միջազգային ասպարեզում», – ասել է Զուրաբյանը: