Home / Հայաստան / Սերբիան հույսեր է կապում ղարաբաղյան հարցի հետ

Սերբիան հույսեր է կապում ղարաբաղյան հարցի հետ

Սերբիան հույս ունի, որ սեպտեմբերի 9-ին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանին մահմեդական երկրները կհաստատեն Լեռնային Ղարաբաղի տարանջատման դեմ Ադրբեջանի ներկայացրած բանաձևը և այդ նույն սկզբունքով հավանության կարժանացնեն օրակարգի մյուս կարևոր հարցը` Կոսովոյի բանաձևի նախագիծը, գրում է սերբական «Դանաշ» թերթը:

«Կոսովոյի և Լեռնային Ղարաբաղի խնդիրների միջև շատ ընդհանրություններ կան, բայց կան նաև ակնհայտ տարբերություններ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու կողմերի հիմնական խնդիրը անկախության հաստատումն է, մեծ տերությունները հիմնականում համեմատելու են երկու կողմերին հենց այս տեսանկյունից»,- պարբերականին ասել է ISAC հետազոտական հիմնադրամի տնօրեն, փորձագետ Ժարկո Պետրովիչը:

Փորձագետի խոսքերով` Կոսովոյի և Լեռնային Ղարաբաղի խնդիրը ադրբեջանցիների տեսանկյունից համընկնում է: «Ուշագրավ է, որ հայերն առաջ են քաշում  «պատմական արդարության» դրույթը, որն անկախության հաստատմանը նպաստող կարևորագույն գործոններից է, և այն առկա է նաև սերբերի դեպքում: Ղարաբաղի և Կոսովոյի ընդհանրությունը նաև պատմության բացարձակ տարբեր մեկնաբանման մեջ է թե սերբերի և ալբանացիների, թե հայերի և ադրբեջանցիների կողմից: Հաջորդ նմանությունը պատերազմներում զոհվածներն են: Իսկ աչքի ընկնող տարբերությունն այն է, որ Ղարաբաղի կարգավիճակի մասին  բանակցություններն ընթանում են ավելի քան 15 տարի, այնինչ Կոսովոյի կարգավիճակի հարցը լուծվեց երկու տարվա բանակցությունների արդյունքում»,- ասել է Պետրովիչը:

Փորձագետը տարբերություն է տեսնում նաև մեկ այլ հարցում: Եվրոպան ու Միացյալ Նահանգներն ավելի շատ շահագրգռված են կայունության պահպանմամբ Արևմտյան Բալկաններում, քան Կովկասում:

«Հետևաբար, այս երկրները պատրաստ են ավելի «արդյունավետ» լուծել Կոսովոյի հարցը, քան Լեռնային Ղարավբաղի հարցը: Մյուս կողմից էլ` Ռուսաստանն ավելի մեծ դեր ունի Կովկասում, քան Բալկաններում»,- նշել է Պետրովիչը:

Փորձագետն ասել է նաև, որ ամեն դեպքում չի կարելի լիովին համոզված լինել, որ Ադրբեջանի  բանաձևը հաստատող պետությունները, միաժամանակ կհաստատեն նաև  Սերբիայի բանաձևը. «Այս հարցում պետություններն առաջնորդվելու են թե սկզբունքային հարցերով, թե քաղաքական շահերով»: