Home / Армения / Կովկասյան մաֆիան սարսափեցնում է ֆրանսիացիներին

Կովկասյան մաֆիան սարսափեցնում է ֆրանսիացիներին

Նախկին Խորհրդային Միության երկրների ներկայացուցիչների հանցագործ կապերը Եվրոպայում մեծ անհանգստություն են պատճառում հատկապես ֆրանսիական իշխանություններին: Անցյալ շաբաթ Նիցայի ոստիկանությունը ձերբակալել է տեղական մաֆիայի երկու վրացի առաջնորդների, հաղորդում է Le Figaro-ն:

Վրացական, չեչենական և հայկական մաֆիայի դիրքերի ամրապնդումը Ֆրանսիայի հարավում հատկապես նկատելի է վերջին տարիներին:

«Այս խնդիրը վերջերս է ծագել: Գրեթե մեկ տարի է, ինչ այս հանցագործ խմբավորումները ծաղկում են ապրում մեր տարածաշրջանում», – հայտարարել է Նիցայի ոստիկանության ներկայացուցիչը:

Նշենք, որ նախորդ հինգշաբթի չեչենների 4 հոգուց բաղկացած խումբը ծեծի է ենթարկել մի ոստիկանի:

«Քաղաքացիական հագուստով ոստիկանի դեմքին առանց որևէ պատճառի բազմաթիվ հարվածներ են հասցրել և այդպես թողել ու հեռացել են», – պատմում է ոստիկանության ներկայացուցիչ Լորան Լոբրին, ով խոստովանել է, որ այդ մարդիկ զուրկ են բարոյականությունից, օրենքներից, փոխարենը` լավ զինված են:

Նման հանցագործ խմբավորումների ամենաբնորոշ գիծը իրենց իրական բնույթը ճիշտ կերպով թաքցնելն է: Մարտին վրացական մաֆիայի դեմ իրականացված գործողություններից հետո, ոստիկանությունը նկատել է, որ հանցագործները միշտ շատ լավ են հագնվում և հանրային տրանսպորտից են օգտվում, որպեսզի իրենց չկարողանան հետևել: Նույնիսկ խմբավորման պարագլուխներն են համեստ կենսակերպ վարում:

«Սա Եվրոպայի ամենալավ համակարգված կազմակերպություններից է, որը կիսառազմական կառույց է հիշեցնում: Խմբերը մի քանի երկրներում են գործում: Նրանցից ամեն մեկը ենթակա է շրջանային ղեկավարին, ում հանձնում են իրենց շահույթի 10%: Այս փողերը սովորաբար որևէ եկամտաբեր գործի մեջ են ներդնում` կապված նավթի կամ թմրանյութերի հետ», – նշում է քննիչ Ալեն Բոեն:

Նա համոզված է, որ այդ խմբավորումների վտանգը ոչ միայն գործունեության դաժան մեթոդների, այլ տնտեսական իշխանություն ունենալու մեջ է: