Home / Армения / Պայքար Ազատության հրապարակի համար. ո՞ւր է փաստաթղթի բնօրինակը

Պայքար Ազատության հրապարակի համար. ո՞ւր է փաստաթղթի բնօրինակը

Այսօր ժամը 11-ին ՀՀ վարչական դատարանում մեկնարկեց Հայ Ազգային Կոնգրեսի` ընդդեմ Երևանի քաղաքապետարանի հայցով դատական նիստը: Հիշեցնենք, որ Կոնգրեսը պահանջում է չեղյալ համարել Երևանի քաղաքապետարանի որոշումը և թույլ տալ սեպտեմբերի 17-ի հանրահավաքն անցկացնել Ազատության հրապարակում:

ՀԱԿ-ի ներկայացուցիչները նիստի ընթացքում մի քանի անգամ պահանջեցին ցույց տալ այն փաստաթուղթը, որով քաղաքապետարանը թույլատրել է կարուսելներ տեղադրել Ազատության հրապարակում, ինչպես նաև այլ կարգի միջոցառումներ կազմակերպել, մասնավորապես, սեպտեմբերի 17-ին:

Հայցվորը նշել է նաև, որ այն օրը, երբ Կոնգրեսի ներկայացուցիչը հանրահավաքի անցկացման մասին իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան, գրանցամատյանում, սեպտեմբերի 17-ի համար այլ միջոցառումներ գրացնված չեն եղել, ինչի մասին էլ դեռևս օգոստոսի 30-ին ՀԱԿ-ը տեղեկացրել էր հանրությանը` նշելով, որ Ազատության հրապարակում սեպտեմբերի 17-ի հանրահավաքի անցկացումն արգելելու հիմքեր չկան:

Փաստաբան Վահե Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Կոնգրեսի հիմնական նպատակն է պարզել, թե արդյոք «որևէ փաստաթուղթ տեսանելի վայրում, իրենց քաղաքապետարան այցելելու ժամանակ եղել է, թե ոչ»:

Քանի որ մատյանից նման փաստաթղթի առկայության մասին քաղվածքը ներկայացվել է պատճենի ձևով և այն վավերացված չէ, Հովսեփյանի խոսքերով, դրա իսկությունը կարող է հաստատվել միայն բնօրինակի առկայության դեպքում:

Դատական նիստի ընթացքում Հովսեփյանը պահանջեց բնօրինակը, որից հետո նիստն ընդմիջվեց:

Հովսեփյանը նշեց, որ իրենք դատական նիստից ակնկալիքներ չունեն:

«Բայց ինչքան էլ որ ասում եմ ակնկալիք չունեմ, ամեն դեպքում, դատարանը մնում է դատարան», – իր խոսքն ավարտեց փաստաբանը` նշելով, որ Կոնգրեսը շարունակելու է օրինական պայքարը: