Home / Армения / Թուրքիայում լրագրողին սպառնում են քրդերի իրավունքները պաշտպանելու համար

Թուրքիայում լրագրողին սպառնում են քրդերի իրավունքները պաշտպանելու համար

«Թարաֆ» թերթի լրագրող Օրհան Միրօղլուն մահվան սպառնալիք է ստացել` վերադառնալով Անկարա իր «Մեռած կամ կենդանի: Նամակներ Դիարբեքիրի բանտից» վերջին գրքի շնորհանդեսից հետո:

Միրօղլուն մահվան սպառանալիքը ստացել է բջջային հեռախոսով: Կեսգիշերին անհայտ անձը զանգահարել է Միրօղլուին և սպառնացել «Ամեն վայրկայն կարող ես մեռնել»:

Այս  դեպքի մասին Միրօղլուն հոդված է գրել, որում խոսում է նաև սպառնալիքով  լի էլեկտրոնային նամակների մասին:

«Ես բազմիցս էլեկտրոնային նամակներ եմ ստանում, որոնցում ինձ խորհուրդ են տալիս սթափվել և լավ մտածել քուրդ ժողովրդի համար հավասար իրավունքներ պահանջելուց առաջ: Այս նամակները ուղարկում են այն մարդիկ, ովքեր իրենց Օգյուն Սամասթն են կոչում (Օգյուն Սամասթը 2007թ. հունվարի 19-ին սպանել էր Հրանտ Դինքին – Epress.am)», – գրում է Միրօղլուն:

Լրագրողի խոսքերով` սա առաջին դեպքն է, երբ ինքը մահվան սպառնալիք է ստանում:

Միրօղլուն վստահեցնում է, որ նա մտադիր չէ հետ կանգնել իր գաղափարներից վախի պատճառով: «Երբեք չի լինի այնպես, ինչպես այդ վախկոտներն են սպասում կամ ուզում: Ես մի քայլ անգամ չեմ պատրաստվում նահանջել»:

Նշենք, որ մի շարք հրապարակախոսներ ոստիկանության պաշտապության տակ են 2007 թվականի Հրանտ Դինքի սպանությունից հետո:

Հիշեցնենք նաև, որ նախորդ տարի նմանատիպ նախազգուշացումներ էր ստացել «Թարաֆ» թերթի մեկ այլ լրագրող հայազգի Սևան Նշանյանը: