Home / Армения / Եվս մեկ ինքնասպանությո՞ւն հայկական բանակում

Եվս մեկ ինքնասպանությո՞ւն հայկական բանակում

Երեկ առավոտյան հերթական ինքնասպանությունն է տեղի ունեցել ՀՀ զինված ուժերում: Վայքի զորամասում  պայմանագրային զինծառայող Արթուր Հակոբյանը, նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել: «Հրապարակ» օրաթերթը փորձել է պաշտպանության նախարարությունից կատարվածի արթիվ որևէ պարզաբանում ստանալ:

ՊՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Մուշեղ Աղեկյանն ասել է.

«Առավոտյան 9:30-ի սահմաններում, իրային գույքի պահեստապետ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արթուր Ռուբենի Հակոբյանը, ըստ նախնական տվյալների, իրային գույքի պահեստում ինքն իրեն հասցրել է մահացու հրազենային գնդակային վիրավորում գլխի շրջանում»:

Արթուրը մոտ 2 տարի զորամասում աշխատում էր որպես պահեստապետ, և դեպքն էլ տեղի է ունեցել հենց պահեստում: Թե ինչն է պատճառ դարձել զինծառայողի նման քայլի համար, կամ ինչպես է զենքը հայտնվել Արթուրի ձեռքում, Աղեկյանը ոչինչ չի ասել:

«Այլ մանրամասներ հայտնի չեն»,- ասել է նա:

Սակայն, օրաթերթի տեղեկություններով, Արթուրն ինքնասպան է եղել պահակազորի անդամներից մեկի զենքով: Նա խնդրել է պահակազորի անդամին, որ օգնի ինչ-որ արկղ տեղափոխել: Վերջինս էլ համաձայնել է, զենքը հենել է պատին, որ օգնի Արթուրին:

Արթուրն էլ արագ վերցրել է զենքն ու միանգամից կրակ բացել իր վրա, ինչից հետո տեղում մահացել է: Ինչպես նաև շրջանառվում է, որ Արթուրն ընտանիքում լուրջ խնդիրներ է ունեցել, ինչն էլ կարող էր պատճառ դառնալ նման քայլի: Արթուրը Վայքի քաղաքացի էր, ապրում էր Վայքում, ամուսնացած էր, ուներ մեկ զավակ: Սակայն երեկոյան էլ լուրեր էին շրջում, թե Արթուրն ինքնասպան չի եղել, այլ նրան սպանել են՝ կրծքավանդակի հատվածում 4 հրազենային վնասվածք հասցնելով: «Հրապարակը» նշում է, որ այս ամենը նախնական տեղեկատվություն է, և դեպքի կապակցությամբ այլ պաշտոնական մանրամասներ ստանալ չի հաջողվել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է հետաքննություն: