Home / Армения / Ադրբեջանն այս պահին ստացել է այն, ինչ պահանջում էր. Ալեքսանդր Արզումանյան

Ադրբեջանն այս պահին ստացել է այն, ինչ պահանջում էր. Ալեքսանդր Արզումանյան

Ադրբեջանի ներկայացրած բանաձևը «դամոկլեսլյան սրի» նման կախված է Հայաստանի վրա, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը` պարզաբանելով, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի  օրակարգից չի հանել «Իրավիճակը Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում» անունը կրող բանաձևը, այլ այն տեղափոխել են ՄԱԿ-ի 65-րդ նստաշրջան, որը սկսվելու է  այս տարվա սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրը և տևելու է մինչև հաջորդ տարի նույն օրը:

Արզումանյանը նշել է, որ այդ ընթացքում հարցը շարունակելու է մնալ օրակարգում: Բացի այդ, որպես Ադրբեջանի նման քայլի պատճառ Արզումանյանը «մի կարևոր էլեմենտ» նշեց:

«Եռանախագահների այցի ժամանակ հայտարարվեց, որ համանախագահողները դիմել են թե’ ՄԱԿ- ի, թե’ ԵԱՀԿ ղեկավարությանը, որ սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին տարածաշրջան և յոթ խնդրո առարկա տարածքներ ուղարկվի փաստահավաք առաքելություն: Այն, ինչ պահանջում էր Ադրբեջանը, այս պահին ստացել է, և այս պահին նպատակահարմար չի գտնում հարցը դնել քվեարկության»,- հայտարարել է Ալեքսանդր Արզումանյանը:

Այս ամենի դեմ պայքարելու համար, նախկին արտգործնախարարի կարծիքով, պետք է ակտիվորեն աշխատել տարեկան 365 օր, հանդես գալ հակաառաջակներով և ներկայացնել տարբեր բանաձևեր:

«Սա պասիվության դրսևորում էր: Կա երկրորդ քաղաքական էլեմենտն էլ, երբ ՄԱԿ-ում Ադրբեջանի պատվիրակությունը 2008 թ. սկզբին ակտիվորեն առաջ էր քաշում այս բանաձևը,  Հայաստանում ընտրությունների կեղծիք էր իրականացվում, սպանդ ժողովրդի նկատմամբ և արտգործնախարարության միակ գործառույթն այդ օրերին փիառ ապահովելն էր ապօրինի իշխանությունների համար, և դրա համար աչքաթող են արել: Հիմա` երկու տարի անց, ասում ենք` ինչպե՞ս եղավ, որ եղավ»,- հավելել է Ալեքսանդր Արզումանյանը: