Home / Հայաստան / Մսի իրացմամբ զբաղվող կրպակները խախտում են սանիտարական պայմանները

Մսի իրացմամբ զբաղվող կրպակները խախտում են սանիտարական պայմանները

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությունը դիմել է վարչապետին և թույլտվություն է ստացել ստուգումներ իրականացնել 2-րդ համարի շուկայի (ԳՈՒՄ-ի շուկա) դիմացը գտնվող կրպակների  շարքում, որտեղ իրացվում է միս և մսամթերք:

Ստուգման արդյունքում պարզվել է, որ այդ կրպակներում ռիսկային գործոնը բավական բարձր է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչություն պետ Գրիշա Բաղիյանը տեղեկացրեց, որ ստուգման արդյուքնում հայտնաբերել են տարբեր տեսակի խախտումներ` մսի տեխնիկական կանոնակարգի պահանջների չիրականացում, առանց անասնաբուժական համապատասխան ուղեկցող փաստաթղթերի մսի իրացում, ջերմային ռեժիմի խախտում, սանիտարական պայմանների ոչ ճիշտ կիրառում և այլ տեսակի խախտումներ:

Բաղիյանը նաև նշեց, որ այս ստուգումների ընթացքում հիվանդության կասկածվող մսեր չեն հայտնաբերել, բայց սրանից ամիսներ առաջ այդ կրպակների շարքում  3-4 դեպք են արձանագրել: Երբ հայտնաբերվել է սիբիրախտ հիվանդությամբ կասկածանքի դեպք, միսն  առգրավվել և ոչնչացվել է:

«Այս ընթացքում 18 տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվել է կասեցում, և արգելք է իրականացվել մսի իրացման համար: Այդ ՍՊԸ-ներին  ժամանակ է տրվել այդ պայմանները բարելավելու, որից հետո ստուգում է իրականացվել, և այդ 18-ից 12-ն  այսօր նորմալ պայմաններ ստեղծելուց հետո թույլտվություն են ստացել աշխատելու, 2 –ը փակել են իրենց կրպակները, իսկ 4-ում դեռևս ստուգումներ են անցկացվելու»,- նշեց Գրիշա Բաղիյանը:

Բաղիյանն ասաց նաև, որ նույն ՍՊԸ-ները գործում են նաև մարզերում և այնտեղ ևս նույն իրավիճակն է: