Home / Հայաստան / Տեր-Պետրոսյանը պատրաստ է իշխանությունների հետ երկխոսության, եթե…

Տեր-Պետրոսյանը պատրաստ է իշխանությունների հետ երկխոսության, եթե…

Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի ավարտին ելույթով հանդես եկավ Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ելույթի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձավ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացմանը:

«Անկասկած, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի գործողության ժամկետի երկարաձգումը և Ադրբեջանին С-300 հրթիռակայանների վաճառքի վերաբերյալ գործարքը ավելի ևս ամրապնդում են Ռուսաստանի դիրքերն Այսրկովկասում և անսահմանորեն մեծացնում նրա դերակատարությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Նշված նորագույն իրադարձությունների լույսի ներքո այլևս վերջնականապես ակնհայտ է դառնում, որ որքան էլ Ռուսաստանը համաձայն լինի Մինսկի խմբի կողմից մշակված սկզբունքներին ու ծրագրերին, նա ոչ մի դեպքում թույլ չի տալու միջազգային խաղաղարար ուժերի տեղակայումը հակամարտության գոտում, առավել ևս չի հաշտվելու Այսրկովկասում ՆԱՏՕ-ի որևէ կարգի ներկայության փաստի հետ», – հայտարարել է Լևոն Տեր-Պետրոսյանը։

Նա նշել է, որ այս դատողություններն ամենևին ռուսամետության կամ հակաարևմտականության արտահայտություն չի կարելի համարել, ինչպես դա ընկալել են կամ փորձել են ներկայացնել ոմանք:

«Դա ընդամենը իրականության պարզ արձանագրում, որը կապված չէ ո՛չ որևէ մեկի ցանկության, ո՛չ էլ քաղաքական կողմնորոշման հետ։ Ցավոք, Հայաստանի իշխանություններն, իմ ունեցած տեղեկություններով, փոխանակ ճիշտ եզրակացություններ անելու տվյալ իրականությունից, ջանում են ժամանակավոր օգուտներ քաղել ու ամեն ինչ կապել կողմնորոշումների հետ, ընդհուպ անձնավորման աստիճանի։ Մասնավորապես, ամերիկացիների ականջին փսփսում են, թե իբր Տեր Պետրոսյանը ռուսամետ է, իսկ ռուսների ականջին՝ թե նա ամերիկամետ է։ Այս եղանակով ինձ ու Հայ Ազգային Կոնգրեսին վարկաբեկելու նրանց հույսը հետևյալ կարծրատիպերն են. ըստ Ռուսաստանում տիրապետող կարծիքի՝ եթե որևէ շարժում ժողովրդավարական է, ուրեմն նարնջագույն է, իսկ ըստ Արևմուտքի՝ եթե որևէ շարժում հակառուսական չէ, ուրեմն ժողովրդավարական չէ։ Հայաստանի իշխանությունների դրսևորած այս ողորմելի վարքագիծը ցույց է տալիս, որ ոչ միայն արտաքին, այլև ներքին խնդիրների լուծման գործում, նրանք իրենց հույսը դրել են բացառապես օտար ուժերի բարեհաճության վրա», – ասել է Տեր-Պետրոսյանը։

Կոնգրեսի առաջնորդը անդրադարձել է նաև, իր խոսքով, քաղաքագետների ուշադրությունից վրիպած մի նշանակալից իրադարձությանը, որը երկու շաբաթ առաջ տեղի է ունեցել Բաքվում։

«Նկատի ունեմ նախագահներ Մեդվեդևի և Ալիևի շուրթերից հնչած այն միանշանակ հայտարարությունը, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն այլևս ստրատեգիական գործընկերներ են։ Թեև նման խոսքեր առաջ էլ էին ասվել, բայց առաջին անգամն է, որ դրանց մեջ կոնկրետ բովանդակություն է դրվում։ Այսինքն կատարվեց այն, ինչ ես կանխատեսել էի դեռեւս 1998թ. հունվարի 8-ին ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում ունեցած իմ ելույթում, նշելով մասնավորապես հետեւյալը. «Ես չեմ բացառում, այլեւ ընդհակառակը՝ չափազանց բնական ու հավանական եմ համարում, որ նկատի ունենալով կասպիական նավթի շահագործման եւ նավթամուղերի կառուցման խնդիրները, Ռուսաստանն առաջիկայում լուրջ ջանքեր է գործադրելու Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, եւ այդ դեպքում Հայաստանը կորցնելու է Անդրկովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը կամ ստրատեգիական գործընկերը լինելու առավելությունը» Թե Հայաստանի ու Ղարաբաղի համար ինչ հետեւանքներ կարող է ունենալ Ռուսաստանի ու Ադրբեջանի ստրատեգիական գործընկերությունը, կարծում եմ, դժվար չպետք է լինի պատկերացնել», – ասել է ՀՀ առաջին նախագահը։

Նա հայտարարել է, որ բոլոր նշաններն առկա են եզրակացնելու համար, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նոր՝ ռուս–թուրք–ադրբեջանական ձեւաչափի ձեւավորումը փաստ է դառնում։

«Դա չի նշանակում, անշուշտ, որ այն փոխարինելու է գալիս Մինսկի խմբին, որն, իմ կարծիքով շարունակելու է պահպանվել՝ թեկուզ միջազգային ջանքերի համադրման տպավորություն ստեղծելու եւ Արեւմուտքին ավելորդ տեղը չգրգռելու նպատակով։ Մինչդեռ բուն գործընթացները տեղի են ունենալու նոր ձեւաչափում, ինչն էլ նախորդ ելույթում ինձ հիմք էր տվել ներկայիս իրավիճակը համեմատելու 1920 թվականի իրավիճակի հետ։ Ինչպես նկատված է քաղաքագետների ու լրագրողների կողմից, ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանն այլեւս մանեւրի դաշտ չունի։ Եթե մինչ այժմ նա կարողացել է ինչ-ինչ խոստումների ու ազգային շահերին հակասող զիջումների գնով սիրաշահել Արեւմուտքին ու դրա շնորհիվ մեղքերի թողություն ստանալ սեփական երկրում գործած անօրինությունների՝ ընտրակեղծարարության, քաղաքական հալածանքների ու ահռելի չափերի հասնող կոռուպցիայի համար, ապա այժմ, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի գործողության ժամկետի երկարաձգման եւ ռուս–թուրք–ադրբեջանական համագործակցության արդյունքում Այսրկովկասում առաջացած աշխարհաքաղաքական նոր իրադրության լույսի ներքո, թողության այդ պաշարը սպառված պետք է համարել», – նշել է Լևոն Տեր-Պետրոսյանը։

Իր ելույթի վերջին հատվածում Լևոն Տեր-Պետրոսյանը եզրակացություն է արել, որ Ղարաբաղին ու Հայաստանին սպառնացող վտանգների հաղթահարման միակ ելքը իշխանափոխությունն ու օրինական ընտրությունների միջոցով ձեւավորված իշխանության հաստատումն է, որը զերծ կլինի լեգիտիմության պակասի ու կոռումպացվածության պատճառով անհարկի զիջումների, ու մեծ հաշվով, ազգային դավաճանության գնալու հարկադրանքից։

«Հակառակ ասեկոսեներին, իշխանափոխությունը եղել եւ մնում է Հայ Ազգային Կոնգրեսի գլխավոր խնդիրը, եւ մենք հետեւողականորեն ու անդադրում հետապնդելու ենք այն, անկախ նրանից, թե որքան համառ կլինի ավազակապետության դիմադրությունը, որքանով մեզ կօժանդակեն երկրի ճակատագրով մտահոգ մյուս քաղաքական ուժերը եւ ո՛ր չափով միջազգային հանրությունը կշարունակի սատարել Հայաստանի հանցագործ իշխանություններին», – ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը։

Նա հայտարարել է, որ իշխանափոխության խնդրի ձգձգումը, սակայն, չի նշանակում, որ ընդդիմությունը տվյալ պահին իրավիճակը թեկուզ որոշ չափով շտկելու մասին չպետք է մտածի։

«Մենք մշտապես պնդել ու այսօր էլ համարում ենք, որ երկու վճռական քայլ կարող է կտրուկ կերպով փոխել Ղարաբաղյան կարգավորման գործընթացի անբարենպաստ զարգացումը.
1. Հայաստանի ներքին կյանքի ազատականացումը՝ ժողովրդավարության սահմանափակումների վերացումը, քաղբանտարկյալների ազատ արձակումը եւ ներազգային համերաշխության հաստատումը.
2. Լեռնային Ղարաբաղի՝ որպես հակամարտության լիիրավ կողմի, ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ սահմանված կարգավիճակի վերականգնումը։
Սերժ Սարգսյանը ո՛չ մեկն է անում, ո՛չ մյուսը, ինչը գերագույն պատասխանատվություն պահանջող ներկա իրավիճակում հավասարազոր է ազգային դավաճանության։ Հետևաբար, Հայ Ազգային Կոնգրեսի անունից, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ.
1. Թեեւ մենք կողմ ենք Ղարաբաղի հարցի շուտափույթ լուծմանը, բայց վճռականապես դեմ ենք գործելու կարգավորման ցանկացած ծրագրի, որում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացված չէ որպես հակամարտության կողմ, ինչպեսեւ ցանկացած համաձայնագրի, որի տակ չի լինի վերջինիս ներկայացուցչի ստորագրությունը.
2. Մենք նույն վճռականությամբ դեմ ենք լինելու նաեւ հայ–թուրքական արձանագրությունների վավերացմանը, քանի դեռ նրանցից չի հանվել հայ եւ թուրք պատմաբաններից կազմված միջկառավարական հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող դրույթը.
3. Մենք պահանջելու ենք նաեւ, որ Ղարաբաղյան կարգավորման վերջնական համաձայնագիրը հանրաքվեի դրվի Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում, ինչն արտառոց չպետք է համարել, քանի որ ժամանակին նման գաղափար եղել է Մինսկի խմբի համանախագահության առաջարկներում։
Սարգսյանը որևէ զիջում կատարելու ժողովրդական մանդատ չի ստացել, քանի որ նախ՝ իր նախընտրական ծրագրում հասարակությանը հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը կարգավորման գործընթացից դուրս թողնելու կամ Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու խոստում չի տվել, եւ երկրորդ՝ պարզապես ընտրված նախագահ չէ։ Հետեւաբար, նա ընդհանրապես որեւէ որոշում կայացնելու, հրամանագիր արձակելու, օրենք վավերացնելու եւ համաձայնագիր կնքելու իրավունք չունի, իսկ մինչ այժմ նրա կողմից ստորագրված բոլոր որոշումները, հրամանագրերը, օրենքներն ու համաձայնությունները զուրկ են իրավական ուժից», – ասել է ՀՀ առաջին նախագահը։

Տեր-Պետրոսյանը նշել է, որ ընդդիմությունն ամեն դեպքում իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը սպառված չի համարում: 

«Դեռևս ո՛չ՝ նկատի ունենալով ազգային շահը։ Սակայն երկխոսության համար անհրաժեշտ նախկին պայմանին՝ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակմանը, մենք այժմ ավելացնում ենք ևս մեկը՝ մարտի 1-ի տասը սպանությունների բացահայտումը եւ դրանց պատասխանատուների դատական հետապնդումը։ Իսկ երկխոսությունը կարող է վերաբերել միայն մեկ հարցի՝ խաղաղ, սահմանադրական ճանապարհով իշխանության փոխանցմանը ժողովրդին, ինչը հնարավոր է իրագործել միայն արտահերթ ընտրությունների միջոցով, ընդ որում՝ սկզբում նախագահական, եւ ապա միայն խորհրդարանական։ Ինչպես դիպուկ կերպով ձևակերպել է Ստեփան Դեմիրճյանը, քանի որ Հայաստանի ներկա քաղաքական ճգնաժամն առաջացել է ընտրությունների պատճառով, ուրեմն այն պետք է հաղթահարվի նույնպես ընտրությունների միջոցով։

Իշխանափոխությունը մեզ համար ինքնանպատակ չէ, այլ նախևառաջ՝ սկզբունքի հարց, որովհետև ժողովրդից խլված իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին, և երկրորդ՝ պատմական անհրաժեշտություն, թելադրված Հայաստանի ու Ղարաբաղի առջեւ կանգնած ներկա մարտահրավերներով, որոնց դիմագրավման այլ միջոց գոյություն չունի։

Ես կասկած չունեմ, որ Սերժ Սարգսյանը ժամանակից շուտ հեռանալու է իշխանությունից։ Այդ բանը նա կարող է անել կա՛մ ժողովրդի հետ վերջնականապես թշնամացած, կա՛մ էլ քիչ թե շատ հաշտված վիճակում։ Թե՛ իր, թե՛ ժողովրդի համար, անշուշտ, նախընտրելի է երկրորդ տարբերակը։ Այլապես մեր երկրի կորուստները, որոնք արդեն իսկ անթիվ են, անշրջելի կարող են դառնալ», – հայտարերել է ընդդիմության առաջնորդը։

Նա նաև տեղեկացրել է, որ ընդդիմության հաջորդ համապետական հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին և իր ելույթն այդ հանրահավաքում նվիրված կլինի հիմնականում Հայաստանի իրականության ամենավտանգավոր ու խայտառակ երեւույթներից մեկին՝ կոռուպցիային: