Home / Հայաստան / Ոստիկանները պարբերաբար միջամտում էին Կոնգրեսի երթի ընթացքին

Ոստիկանները պարբերաբար միջամտում էին Կոնգրեսի երթի ընթացքին

Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքից անմիջապես հետո ընդդիմության կողմնակիցները բազմամարդ երթ անցկացրեցին, որն առաջնորդում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Երթի ընթացքում երիտասարդները վանկարկում էին Համաժողովրդական շարժման բոլոր հայտնի կարգախոսները: Սկզբում երթը խաղաղ ընթացք ուներ, սակայն երբ երթի մասնակիցները սկսեցին վանկարկել «անսերժ Հայաստան» և «Սերժիկ, հեռացիր» ոստիկանները փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի և ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանի գլխավորությամբ հարձակվեցին վանկարկողների վրա:

Այնուհետև ոստիկանները սկսեցին պարբերաբար քաշքշել հատկապես երթի առջևից ընթացող երիտասարդներին: Հերթական միջադեպի ժամանակ Ռոբերտ Մելքոնյանը սկսեց  հայհոյանքներ տեղալ ընդդիմության հասցեին: Ոստիկանական վերջին  հարձակումը տեղի ունեցավ Թումանայն-Տերյան խաչմերուկում, որտեղ Վալերի Օսիպյանը սկսեց քաշքշել ՀԱԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Մաթևոսյանին:

Դավիթ Մաթևոսյանը Epress.am-ի հետ զրույցում մեկնաբանեց Օսիպյանի պահվածքը.
«Նա փոխգնդապետի ուսադիրներով պրովոկատոր է, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ»:

Ընդդիմության երթն ավարտվեց Հյուսիային պողոտայում, որտեղ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը դիմեց հավաքվածներին.

«Մեր նստած տղերքը, մեր զոհերը մեզ պարտադրում են այս գործը հասցնել մինչև ավարտ»:
Վերջինս նաև տեղեկեցրեց, որ Անկախության օրն ընդդիմության ներկայացուցիչները տոնը նշելու են Սարյանի արձանի մոտ: