Home / Հայաստան / Հայաստանում սովորում են խնդիրները քննարկել ամերիկյան ձևաչափով

Հայաստանում սովորում են խնդիրները քննարկել ամերիկյան ձևաչափով

Սեպտեմբերի 25-ին Երևանի «Անի Պլազա» հյուրանոցում կայացավ «TEDx Երևան» միջոցառումը, որի ընթացքում տարբեր ոլորտներում գործող մարդիկ իրենց կարծիքը ներկայացրեցին տարբեր խնդիրների վերաբերյալ:

Նշենք, որ TED-ը հասարակական կազմակերպություն է, որը հիմնվել է ԱՄՆ-ում 25 տարի առաջ և նման միջոցառումների հեղինակ է:

Չնայած միջոցառման մոդելն ընդօրինակված է, հայկական TEDx-ն անկախ կազմակերպված միջոցառում էր, ինչի մասին վկայում է անվան մեջ առկա x տառը:

Միջոցառման մտահղացման հեղինակը Քրիստինե Սարգսյանն է, ով TED-ից նման անվամբ միջոցառում անցկացնելու արտոնագիր է ստացել: Այս անգամ TEDx-ը կրում էր «Սահմաններից դուրս» անվանումը:

Ելույթ ունեցողներից յուրաքանչյուրին խոսքի համար տրված էր առավելագույնը 18 րոպե, որի ընթացքում բանախոսը ներկայացնում էր իրեն հուզող խնդիրը:

Երևանյան միջոցառմանն առաջինը ելույթ ունեցավ Ալեքսիս Օհանյանը, ով նախկինում մասնակցել էր ամերիկյան TED-ի կազմակերպած միջոցառմանը:

Օհանյանը, ով Reddit.com կայքի համահիմնադիրն է, իր ելույթում անդրադարձավ սոցիալական մեդիայի դրական ազդեցությանը հասարակական տարբեր գործընթացների վրա: Որպես օրինակ նա ներկայացրել է «ռեդիտորների» (Reddit.com-ի օգտատերերի) փորձը, ովքեր միասնական ուժերով 8 ժամվա ընթացքում DonorsChoose.org-ի համար ավելի շատ գումար էին հավաքել, քան նույն արշավի ընթացքում նվիրաբերել էր Հիլարի Քլինթոնը: Այդ օգնությունը նախատեսված է եղել դպրոցական դասարանների կարիքների համար:

Երևանյան TEDx-ին մասնակցեց նաև ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը, ում ելույթը ցուցադրվեց տեսագրությամբ: Նա խոսեց երաժիշտների, այսպես կոչված, հոլոգրաֆիկ ներկայացումների մասին, երբ խմբերը կարիք չունեն ճանապարհորդելու ամբողջ աշխարհով: Նրանք երգում են համերգի համար նախատեսված վայրում, իսկ նրանց պատկերներն ու շարժումները նոր տեխնոլեգիաների միջոցով երևում են բեմի վրա, որը կարող է տեղադրված լինել աշխարհի յուրաքանչյուր մասում:

TEDx-ի ընթացքում ելույթ ունեցան նաև Բարս Մեդիայի հիմնադիր Վարդան Հովհաննիսյանը, Հնդկաստանում ապրող դիզայներ Մայքլ Արամը, դաշնակահար Սոնա Հովհաննիսյանը, դիվանագետ Թիմոթի Ստրեյթը, iCON Communications ընկերության գործադիր տնօրեն Ռաֆֆի Քասարջյանը և այլք:

Միջոցառման վերջում կազմակերպիչները հայտարարեցին, որ դեկտեմբերին Երևանում կկայանա նաև TEDx Yerevan Women միջոցառումը, որը ժամկետներով համընկնում է կանանց հարցերին նվիրված գլոբալ TEDWomen համաժողովի հետ: