Home / Հայաստան / Եթե չես կատարում Ստալինի պատգամը, մնում է կեղծել ընտրությունները. դաշնակցական

Եթե չես կատարում Ստալինի պատգամը, մնում է կեղծել ընտրությունները. դաշնակցական

Բոլոր կուսակցությունները սկսել են պատրաստվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նման հայտարարությամբ  է հանդես եկել ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը: Նա հավելել է, որ չնայած բոլոր քաղաքական ուժերն արդեն սկսել են քարոզարշավը, Դաշնակցություն կուսակցությունը փոխհրաձգությանը չի մասնակցում:

Այն հարցին, թե ինչով էր պայմանավորված վերջերս Աշտարակում կայացած Դաշնակացության հանրահավաքը, Վահան Հովհաննիսյանը պատասխանել է, որ դա բոլորովին կապ չուներ ընտրարշավի հետ, հանրահավաքը հրավիրված էր զուտ լոկալ խնդիրները, ապօրինությունները բարձրաձայնելու համար:

«Իսկ եթե այս անգամ էլ չկարողանանք նորմալ, եվրոպական ստանդարտներին համապատասխան ընտրություններ անցկացնել, ապա կհայտնվենք էլ ավելի անհուսալի վիճակում»,- ասել է Վահան Հովհաննիսյանը:

Անդրադառնալով քաղաքական սոցիոլոգների գնահատականներին` բանախոսը նշել է, որ նրանք իրեն բոլորովին չեն հետաքրքրում, քանի որ ի դեմս, օրինակ, Ահարոն Ադիբեկյանի, «սպեկուլյատորների դեր են կատարում և ապականում են դաշտը»:

«Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի կողմից արված այս կամ այն հայտարարությանը, թե ով որքան տեղ է զբաղեցնելու խորհրդարանում, ապա այն քաղաքական ուժը, որը 100 տոկոսով վստահ է, որ ինքը հաղթելու է, պետք է ունենա երկու հենակետ: Առաջինը` այնքան հաց ու կարագ պետք է տված լինի իր ժողովրդին և, ինչպես կասեր ընկեր Ստալինը, այնքան երջանիկ մանկություն պետք է ունեցած լինի, որ նման հայտարարություն անի: Իսկ երկրորդը` համոզված պետք է լինի, որ անպայման կեղծելու է ընտրությունները»,- նշել է Վահան Հովհաննիսյանը և հարց բարձրացրել.

«Իսկ ի՞նչ է արել մեր իշխանությունը ժողովրդի համար` ոչինչ: Այսպիսով` մնում է երկրորդ կետը»: