Գլխավոր / Армения / Լուժկովի պաշտոնանկությունից հետո Քոչարյանը կփորձի վարչապետ դառնալ. կարծիք

Լուժկովի պաշտոնանկությունից հետո Քոչարյանը կփորձի վարչապետ դառնալ. կարծիք

Ռուսաստանում Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի շուրջ ծավալված վերջին իրադարձություններն այնպիսի իրարանցում են առաջացրել Հայաստանում, որ, կարծես, հաստատվում են խոսակցություններն այն մասին, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայաստանյան այցից հետո Հայաստանը դիտվում է որպես Ռուսաստանի մարզ:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների վերջին զարգացումների մասին:

«Մեդվեդևի այցից հետո բոլորի համար ոնց որ թե պարզ դարձավ, որ Ռուսաստանն է հարցեր լուծում. մարդիկ գալիս են կոնկրետ հարցեր լուծում, գնում: Սակայն, չունենալով այլ հնարավորություն Սերժ Սարգսյանին որևէ բան փոխանցելու-ասելու, խորհուրդ եմ տալիս նրան միշտ հիշել Լուկաշենկոյի դեպքը, այսինքն` երեկվա ընկերներն այսօր կարող են լուրջ թշնամիներ դառնալ»,- հայտարարել է Արամ Կարապետյանը:

Նա նշել է, որ մեր տարածաշրջանում ընկերական հարաբերությունների վրա քաղաքական հարցեր չի կարելի լուծել:

Նա նշել է, որ գործընթացները Հայաստանում  գնում են երկու ուղղությամբ. առաջինը` ավելի ընդդիմադիր է դառնում հասարակությունը` կապված գների բարձրացման հետ և երկրորդը`կապված լուժկովյան իրադարձությունների հետ:

«Ապագայում էլ ականատես կլինենք Ռուսաստանում նոր իրադարձությունների զարգացմանը, որոնք ուղղակի կկապվեն Հայաստանի հետ: Ինչպես գիտեք, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը լուժկովյան կլանի մեջ էին, լուրջ բիզնեսներ ունեին, որի միջոցով կատարվում էր փոխադարձ լոբբինգը երկու պետություններում», — ասել է Կարապետյանը և հարց բարձրացրել` ի՞նչ է անելու Ռոբերտ Քոչարյանը, ով այլևս չունի այդ լոբբինգը Ռուսաստանում:

«Երևի Հայաստանում պիտի փորձի վարչապետ դառնալ»,- ասել է քաղաքական գործիչը:

Կարապետյանը հավելել է նաև, որ իր տվյալներով մինչև լուժկովյան դեպքերը շատ հայեր, ովքեր լուրջ օբյեկտներ ունեին Ռուսաստանում, իրենց վրայից փորձել են գցել իրենց բիզնեսները: