Home / Армения / Երևանի կենտրոնում տոնում էին գրքի վերադարձը

Երևանի կենտրոնում տոնում էին գրքի վերադարձը

Վերջապես գիրքը վերադառնում է, և մեծ հավանականություն կա, որ այն կփոխարինի այսօր մեր շրջապատում տիրող համատարած գավառամտությանը:

Այսօր Ջազվե սրճարանի հարևանությամբ տեղի է ունեցել հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունների ներկայացում-վաճառքը, որը կազմակերպվել է «Դարձ առ գիրք» ծրագրի շրջանակներում` լայն հասարակությանը ծանոթացնելու ժամանակակից հայկական ստեղծագործությանը:

Ազատության հրապարկի հարակից տարածքում` շրջապատված բազմաթիվ գրքերով, մարդիկ այս ու այն կողմ էին գնում, զրուցում այս-կամ այն գրողի հետ:  Աշխույժ մթնոլորտը և այլ աշխարհի պատկեր էր ստեղծված այդ փոքր տարածքում:

Epress.am-ի հետ  զրույցում  միջոցառման մասնակիցները և գրքերի հեղինակները պատմում էին, որ սա իսկապես հինալի միջոցառում է:

«Հոյակապ միջոցառում է, շատ լավ բան են արել կազմակերպիչները, որ նման բան են նախաձեռնել: Կարծում եմ, սա դեռ սկիզբն է, հետագայում ավելի լայն մասշտաբներով կլինեն նման միջոցառումներ: Նաև ես տեղյակ եմ, որ հեղինակները ահագին գրքեր են վաճառել հենց այսօր, հենց միջոցառման ժամանակ»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է գրող Վիոլետ Գրիգորյանը:

Միջոցառմանը ներկա էր նաև Պահպանողական Կուսակցության նախագահ Միքաէլ Հայրապետյանը, ով մեզ հետ զրույցում իր հիացմունքն է հայտնել միջոցառման գաղափարի կապակցությամբ և նշել.

«Վերջապես, եթե հաջողվի, որ գիրքը վերադառնա, կնշանակի դեռ ապագա ունենք: Տեսեք, սա մի փոքր կղզի է, չէ՞, իսկ շրջապատում ինչ է իշխում: Երկու տարբեր աշխարհների, երկու տարբեր տեսակների պատերազմ է: Տա Աստված, գրքի տեսակը մտավորականի տեսակը հաղթահարի»: