Home / Армения / Իրանցի ռեժիսորը ցանկանում է պատկերել ճշմարտությունը իրանահայերի մասին

Իրանցի ռեժիսորը ցանկանում է պատկերել ճշմարտությունը իրանահայերի մասին

Իրանցի ռեժիսոր Ֆարշադ Ֆադահիանը իրանահայերի մասին պատմող ֆիլմերի շարք է նախագծել, որի հետքերով գտնվում է Հայաստանում` ծանոթանալու հայ-իրանական արխիվներին:

«Իրանահայերն իրենք ինձ դիմեցին, ու խնդրեցին ֆիլմ նկարել: Ես ասացի, ինչու մի հայ ռեժիսորի չեք դիմում, ասացին` մենք մեր մասին լրիվ ճիշտը չենք կարողանում ասել, մենք միայն լավ կողմն ենք ներկայացնում, մեզ անհրաժեշտ է կողքից դիտողի հայացք»,- Epress.am-ի հետ զրույցում պատմել է Ֆարշադ Ֆադահիանը:

Նա նաև ասել է, որ, ցավոք սրտի, իրանահայերը լքում եմ Իրանը՝ մեծ թվով իրանահայեր մեկնում են հիմնականում Ամերիկա:

«Պրոյեկտը ներառելու է 4 ֆիլմ`«Փակ ճամպրուկ»` այն հայերի մասին, ովքեր արդեն հավաքել են իրենց ճամպրուկը և պատրաստվում են մեկնել, «Կիսաբաց ճամպրուկ»` նրանք, ովքեր դեռ կասկածում են, դեռ փակ է իրենց ճամպրուկը, «Բաց ճամպրուկ»` նրանց մասին, ովքեր ուզում են գնալ, բայց ինչ-ինչ պատճառներով մնում են դեռ: Եվ վերջին ճամպրուկը` նրանք, ովքեր ճամպրուկ չունեն, հնարավորություն չունեն», – պատմել է ռեժիսորը:

Epress.am-ի այն հարցին, թե ինչու է ռեժիսորն ընտրել հենց հայերի թեման Իրանում, Ֆադահիանը պատասխանել է.

«Իրանը մի երկիր է, որն առանց այլ ազգերի միտք չունի, ունայնություն է: Այ, երբ ասում եք Հայաստան, այստեղ 90 տոկոսը հայեր են, Իրանում այդպես չէ, միշտ բազմաթիվ այլ ազգեր են ապրել: Իսկ հայերը շատ լավ են հարաբերվել մեզ հետ, շատ բաներ են սովորեցրել մեզ`արվեստի, արհեստի, կինոյի, թատրոնի, քաղաքականության մեջ: Սակայն հայերը չեն ասիմիլացվում, նրանք պահպանում են իրենց ինքնությունը»:

Այժմ Ֆադահիանը Հայաստանում է գտնվում` ուսումնասիրելու հայկական արխիվները, մասնավորապես, 400 տարի շարունակ հայերի գաղթերի մասին:

«Մեզ մոտ ասացին, որ չեն կարող ամբողջական իրականությունը ներկայացնել և բացել բոլոր արխիվները, ես էլ ասացի, որ պետք է միայն իրականությունը իմանամ: Հիմա արդեն կփորձեմ մասնավոր ֆինանսավորման կամ այլ աջակցությունների միջոցով իրականացնել ֆիլմերի նկարահանումները»,- ասել է ռեժիսորը և հավելել, որ ֆիլմերը լայն հասարակությանը հասանելի կդառնան տեսասկավառակների միջոցով, ինչպես նաև իրենք ամեն ինչ կանեն դրանք Հայաստան բերելու համար: