Home / Армения / ԵԽԽՎ-ում պահանջել են փոխել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը

ԵԽԽՎ-ում պահանջել են փոխել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը

Երեկ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում աշխատանքային փաստաթուղթ է ներկայացվել, որը կոչվում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքը բացասաբար է ազդում լրատվության դաշտում բազմակարծության վրա և սահմանափակում է տեղեկատվության ազատությունը»:

Փաստաթուղթն ընդգրկվել է ԵԽԽՎ-ի աշխատանքային փաստաթղթերի բաժնում:
ԵԽԽՎ-ն նշում է, որ այս փաստաթղթին կողմ են միայն այն պատգամավորները, ովքեր ստորագրել են այն:

Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում վերջին փոփոխությունները կոպտորեն խախտում են 2008 թվականի Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի որոշումը, որը քննադատել էր Հայաստանի իշխանություններին «Ա1+» հեռուստաընկերությունը փակելու, հեռուստաալիքների քանակը նվազեցնելու և նոր հետուստաալիքներին կապուղիները տրամադրելու հնարավորությունը սահմանափակելու համար:

Փաստաթուղթը Հայաստանի իշխանություններից պահանջում է ողջամիտ ժամկետներում փոփոխություններ կատարել նոր օրենքում, համապատասխանացնել այն միջազգային չափանիշներին և թույլ տալ ընդդիմությանը մասնակցել այդ գործընթացին:

Փաստաթղթի տակ ստորագրել է 34 պատգամավոր, այդ թվում` պատգամավորներ Գերմանիայից, Շվեյցարիայից, Չեխիայից, Ավստրիայից, Հոլանդիայից, Իսպանիայից, Բելգիայից:

Ուշագրավ է, որ համաձայն ԵԽԽՎ պաշտոնական կայքի` Հայաստանի ներկայացուցիչներից փաստաթղթի տակ ստորագրել է Արմեն Ռուստամյանը: