Home / Հայաստան / Հայաստանը սլովակների հացին վայս եղավ

Հայաստանը սլովակների հացին վայս եղավ

Երբ Սլովակիայի հավաքականի մարզիչ Վլադիմիր Վայսը Հայաստանի հետ խաղից առաջ նշում էր, որ մեր թիմը բավական լուրջ մրցակից է սլովակների համար, նա, հավանաբար, չէր պատկերացնում, թե ինչ է սպասում Եվրո-2012-ի ընտրական փուլի Բ խմբի առաջատարին Երևանի Հանրապետական ստադիոնում: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստնը, փաստորեն, սլովակների հացին «վայս» եղան:

Մեր թիմի գլխավոր մարզիչը՝ Վարդան Մինասյանը, հարձակվողական կազմ էր ընտրել: 4 պաշտպանի՝ Հովսեփյան, Արզումանյան, Մկոյան և Արտակ Եդիգարյան, առջևում խաղում էր հենակետային Կառլեն Մկրտչյանը, իսկ մյուս հինգ ֆուտբոլիստները միտված էին հարձակման: Լևոն Պաչաջյանը խաղում էր աջից, Գևորգ Ղազարյանը՝ ձախից, երկու ենթահարձակվողների դիրքում խաղում էին Մարկոսն ու Հենրիխ Մխիթարյանը, իսկ առաջ քաշված հարձակվողն էր Յուռա Մովսիսյանը: Հենց նա առաջին խաղակեսի 23-րդ րոպեին բացեց հաշիվը. հիանալի փոխանցում ստանալով Մարկոսից՝ Մովսիսյանը հարվածային դիրք դուրս եկավ և գնդակն ուղարկեց դարպասապահ Յան Մուխայի ոտքերի միջով:

Առաջին խաղակեսում մեր թիմը նկատելի առավելություն ուներ, սակայն սլովակների ակտիվության հինգ րոպեն ավարտվեց Վլադիմիր Վայսի գոլով, ինչը խաղի տրամաբանության մեջ չէր մտնում: Երկրորդ խաղակեսին, սակայն, մեր թիմի ֆուտբոլիստները չընկճվեցին՝ շարունակելով գրոհել: Խաղը կտրուկ ակտիվացրեց ընդմիջումից հետո խաղադաշտ մտած Էդգար Մանուչարյանը, ով կազմակերպեց երկրորդ գոլը: Նրա հարվածից հետո Յան Մուխան գնդակը հետ մղեց, սակայն վրա հասած Գևորգ Ղազարյանը մոտ տարածությունից գրավեց մրցակցի դարպասը: Հանդիպման մնացած ընթացքում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն իրենց հիանալի դրսևորեցին՝ շարունակելով գրոհել: Լավ պահեր չիրացրեցին Մանուչարյանն ու Մխիթարյանը, բայց խաղի վերջնամասում Հենրիխին հաջողվեց մոտ 20 մետրից դիպուկ հարված կատարել՝ 3:1:

Սա այն դեպքն էր, երբ հանդիպման վերջնական հաշիվը լիովին արտացոլում էր այն առավելությունը, որ մեր թիմն ուներ ողջ հանդիպման ընթացքում: