Home / Армения / Հայտնի ռեժիսորը լքում է Թուրքիան սկանդալի պատճառով

Հայտնի ռեժիսորը լքում է Թուրքիան սկանդալի պատճառով

Հանրահայտ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան կիրակի հայտարարել է, որ դուրս է գալիս Անթալիայում անցկացվող «Ոսկե նարինջ» կինոփառատոնի ժյուրիի կազմից:

Նման որոշում ռեժիսորը կայացրել է իր հասցեին հնչեցվող մեղադրանքների պատճառով:
«Ոսկե նարինջ» կինոփառատոնի բացումը կայացել է Անթալիայում շաբաթ երեկոյան: Ի նշան բողոքի Կուստուրիցայի մասնակցության դեմ` բացմանը չէր ժամանել Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը:  

Նշենք, որ հանրահայտ ռեժիսորի` փառատոնի ժյուրիում ընդգրկվելու փաստն ի սկզբանե դժգոհություն էր առաջացրել Բոսնիայի և Հերցեգովինայի հասարակական գործիչների շրջանում` կապված ռեժիսորի սերբամետ դիրքորոշման հետ:

Որպես բողոք` ուղղված Կուստուրիցայի դեմ, թուրք ռեժիսոր Սեմիհ Կափլանօղլուն ցուցադրությունից հանել էր իր «Մեղր» ֆիլմը:    

Ռեժիսորի մասնակցությունը փառատոնին խիստ քննադատության է արժանացել թուրքական մի շարք կազմակերխությունների կողմից: Անվտանգության ծառայության ներկայացուցիչներն անգամ ստիպված էին դահլիճից դուրս հրավիրել ազգայնական կուսակցություններից մեկի պատգամավորին, ով ակնհայտ կերպով իր դիրքորոշումն էր արտահայտում Կուստուրիցայի մասնակցության վերաբերյալ:

Ինքը` ռեժիսորը, թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում անհիմն է համարել իր հասցեին հնչեցվող մեղադրանքները:
 
«Բոլոր մեղադրանքները որևէ կապ չունեն իրականության հետ: Դա ինչ-որ մեկի քարոզչությունն է», – ասել է Կուստուրիցան:

«Իմ երակներում հոսում է և մահմեդական, և քրիստոնեական արյուն: Ճիշտ է` ես քրիստոնյա եմ, բայց այն, ինչ ասվում է իմ հասցեին, ոչ մի կապ չունի բոսնիական պատերազմի հետ», – եզրափակել է ռեժիսորը:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ` Կուստուրիցան լքում է Անթալիան և վերադառնում հայրենիք: