Home / Հայաստան / Ստեղծել ազատ հասարակություն… Երևանում խոսեցին լիբերտար-սոցիալիզմի մասին

Ստեղծել ազատ հասարակություն… Երևանում խոսեցին լիբերտար-սոցիալիզմի մասին

Լիբերտար-սոցիալիզմը հիմնվում է այն սկզբունքի վրա, որ ամեն մարդ պատկանում է ինքն իրեն, նա իր մարմնի և մտքի տերն է:  Մարդը ինքն իր սեփականությունն է: Երեկ «Փոքր Խորհրդի» հերթական նիստի ժամանակ լիբերտար-սոցիալիզմի փիլիսոփայության մասին է պատմել արվեստագետ Արման Գրիգորյանը:

Խոսքի ընթացքում Գրիգորյանն ասել է, որ վերոնշյալ պնդումը դժվար է հասկանալ միայն այն պատճառով, որ մենք չենք վերահսկում մեր կյանքի սկիզբն ու վերջը` ծնունդը և մահը:
«Այո, մեր «Ես»-ն ամբողջությամբ չի վերահսկում մեր մարմինը և միտքը, նրա հոգեբանական և օրգանական պրոցեսները, բայց  դա հատուկ է ցանկացած օրգանական և անօրգանական պրոցեսներին, ցանկացած առարկաներին, բույսերին և կենդանիներին որոնց նկատմամբ մենք ճանաչում ենք մեր սեփականության իրավունքը: Ինքդ քեզ քո սեփականությունը համարելու դժվարությունը կապված է այն  հազարամյա պրոպագանդայի հետ, ըստ որի մենք հյուր ենք մեր մարմնի մեջ, որը գեղեցիկ է հնչում, բայց բացարձակապես համոզիչ չէ», – նշել է Արման Գրիգորյանը:

Արվեստագետի խոսքով՝ մեր կողմից մեր մարմինը և միտքը կառավարելու իրավունքը հիմնվում է մեր ինքնասեփականություն լինելու վրա և նույն պատճառով մեզ արգելվում է ոտնձգություն կատարել ուրիշի անհատական ազատության վրա:

Գրիգորյանը, մասնավորապես, նշել է այն հիմնական գաղափարները, որոնց վրա հիմնված է լիբերտար սոցիալիզմը: Ըստ այդմ՝ լիբերտար-սոցիալիզմը քաղաքական փիլիսոփայություն է, որը պայքարում է ավտորիտար բռնության և սոցիալական հիերարխիայի դեմ: Դա բացառումն է բռնությամբ մարդու վզին փաթաթվող որևէ կառավարման, որի ժամանակ նա ստիպված է կատարել գործողություններ, որոնք նա չի ուզում անել: Դա քաղաքական տեսություն է, որը ձգտում է կառուցել հասարակություն, որը հիմնված կլինի հավասարության սկզբունքի և ազատ պայմանավորվածության վրա:

Գրիգորյանը նաև բացատրել է պետական սոցիալիզմի և լիբերտար-սոցիալիզմի գաղափարների տարբերությունը:

«Այսօր, սոցիալիզմ ասելիս, գրեթե միշտ հասկանում են պետական սոցիալիզմը, համակարգ, որի դեմ լիբերտար-սոցիալիզմը միշտ պայքարել է: Հետևաբար լիբերտար-սոցիալիզմը դա ձախ շարժում է, որը գտնվում է ընդդիմության մեջ նրան, ինչն այսօր ընկալվում է իբրև սոցիալիզմ` համակարգ, որը իրականում կապիտալիզմի ձևերից մեկն է, ուր, Բենջամին Տակերի բառերով ասած, «մարդը գերի է վերցվել պետության կողմից»», – ասել է Գրիգորյանը:
Իր խոսքում արվետսագետը հատուկ շեշտել է ինքնաազատագրման, ինքնակազմակերպման, ինքնավարության, ինքնուրույն գործողության դերը, որն առաջարկում է ներկայացվող տեսությունը:

Ըստ Արման Գրիգորյանի՝ լիբերտար-սոցիալիզմը միակ ճանապարհն է, որը թույլ կտա գոյություն ունեցող հասարակությունը դարձնել ավելի ազատ: