Home / Армения / Թուրքիայում քրիստոնյաները շարունակում են խտրականության ենթարկվել

Թուրքիայում քրիստոնյաները շարունակում են խտրականության ենթարկվել

Reuters գործակալությունը հոդված է հրապարակել Թուրքիայում ծնված ազգությամբ հույն Անդրեաս Զոգրաֆոսի մասին: Հոդվածագիրը Զոգրաֆոսի օրինակով վերհանում է Թուրքիայում քրիստոնյա փոքրամասնությունների խնդիրները` անդրադարձ կատարելով նաև հայերին:

Հոդվածում նշվում է, որ 20-րդ դարի ընթացքում մեծ թվով քրիստոնյաներ ստիպված են եղել լքել իրենց հինավուրց հողը: Այս պահին 73 միլիոնանոց Թուրքիայում քրիստոնյա ազգաբնակչությունը կազմում է 0.13 տոկոս: Թուրքիայում բնակվում են 60,000 քրիստոնյա հայեր և 15,000 ուղղափառներ, իսկ կաթոլիկների (նրանց թվում նույնպես հայեր կան), բողոքականների և Յեհովայի վկաների թիվն էլ ավելի փոքր է:

Տարիների ընթացքում Թուրքիայի կառավարությունը միլիարդավոր դոլարների անշարժ գույք է բռնագրավել հայկական և հունական հիմնադրամերից այն ժամանակ, երբ նրանք այլևս չեն կարողանում ապահովել եկեղեցում և դպրոցներում այցելուների անհրաժեշտ քանակ:

Հոդվածի հեղինակը նշում է, որ կրոնի և հավատքի ազատությունն ամրագրված է Թուրքիայի սահմանադրությամբ և Թուրքիան մշտապես քննադատում է մահմաեդական այլ երկրներում ծայրահեղ կրոնական դրսևորումները: Երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշում է, որ հարկավոր է մեծացնել կրոնական փոքրամասնությունների իրավունքները ԵՄ չափանիշներին համապատասխանելու համար: Սակայն, եզրակացնում է հոդվածագիրը, բազմաթիվ քրիստոնյաներ նշում են, որ իրենք շարունակում են լուրջ խտրականության ենթարկվել հասարակության մեջ: