Home / Армения / «Առավոտ». Հիմնադրամ` ի պաշտպանություն «Ա1+»-ի

«Առավոտ». Հիմնադրամ` ի պաշտպանություն «Ա1+»-ի

Օրեր առաջ «Առավոտին» տված հարցազրույցում «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանն ասել էր, որ ժողովուրդը պետք է սատարի այն ընկերությանը, որը համարում է, թե անհրաժեշտ է, որպեսզի տեղ գտնի հեռուստաոլորտում. «Ձևերը մտածելու հարց է»:

Երեկ մեր հարցին, թե արդյո՞ք որոշեցին այդ ձևերը` «Ա1+»-ի նախագահը պատասխանեց. «Արդեն որոշված է: Ստեղծվել է 8 հոգանոց «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ, որին մաս են կազմում մտավորականության և այլ ոլորտների ներկայացուցիչներ: Նրանք ձևավորում են հիմնադրամ` ի պաշտպանություն ազատ խոսքի և մրցույթներին «Ա1+»-ի մասնակցության:

Խորհրդի անդամներն են` ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը, «Ինտերնյուս» հ/կ-ի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը, արձակագիր Կարինե Խոդիկյանը (հիշեցնենք, որ նա 2001-2007-ին ՀՌԱՀ անդամ էր), «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, դերասան Կարեն Ջանիբեկյանը, «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Ստեղծվելիք հիմնադրամը պիտի ի մի բերի ժողովրդի ներդրելիք գումարները, որոնք կարելի է համարել իբրև ժողովրդի ձայն` հօգուտ իր նախընտրած հեռուստաընկերության: Հիմնադրամը պատվիրելու է «Ա1+»-ին հանդես գալ իբրև ժողովրդական հեռուստաալիք: