Home / Армения / «Հրապարակ». Ներքին խմորումներ Պետական համալսարանում

«Հրապարակ». Ներքին խմորումներ Պետական համալսարանում

Օրաթերթը գրում է, որ ԵՊՀ ուսանողներն այս օրերին ստորագրություններ են հավաքում ԵՊՀ ուսխորհուրդը լուծարելու համար:

Բանն այն է, որ ԵՊՀ ուսխորհուրդը` Ցոլակ Հակոբյանի գլխավորությամբ, բավական ազդեցիկ կառույց է համալսարանում: Այս կառույցն է կազմակերպում համալսրանի մեծ խորհրդի կազմի ուսանողական հատվածի ընտրությունը: ԵՊՀ մեծ խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է, սակայն նրա 25 տոկոսը ուսանողներն են, որոնք այս խորհրդի մեջ են ընդգրկվում ընտրությունների միջոցով: Իսկ 25 տոկոսի ձայնը կարող է վճռորորշ լինել տարբեր հարցերի քննարկման, այդ թվում ԵՊՀ ռեկտորի ընտրության ժամանակ: Ավանդույթի համաձայն, ԵՊՀ ուսխորհուրդը ռեկտորատին կից մարմին է եղել` նրա հրահանգները հավատարմորեն կատարող: Այժմ համալսրանականները պահանջում են լուծարել ցոլակներից կազմված ուսխորհուրդը, որին մեղադրում են զեղծարարությունների մեջ: Ասում են` գործող ուսխորհրդի կուրատորն է ԵՊՀ նախկին պրոռեկտոր, այժմ սպորտի և երիտասարդության փոխնախարար, «Երևանի Պետական համալսրանի շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանը: Սակայն այլ աղբյուրներ պնդում են, որ ուսխորհրդի դեմ ստորագրահավաքն իրականացվում է ոչ թե ինքնաբուխ` ուսանողների կողմից, այլ ԵՊՀ ռեկտորի հրահանգով, որն ուզում է ռեկտորի ընտրությունների շեմին փոխել ուսխորհրդի նախագահին: Արամ Սիմոնյանը մտավախություն ունի, որ Ցոլակի ղեկավարած խորհուրդը վճռական պահին ոչ թե իրեն է պաշտպանելու, այլ Ա. Քարամյանին, որը նույնպես ԵՊՀ ռեկտորի պաշտոնին է հավակնում: