Home / Հայաստան / Մամուլի ազատության ցուցիչով Հայաստանը դուրս է առաջին հարյուրյակից

Մամուլի ազատության ցուցիչով Հայաստանը դուրս է առաջին հարյուրյակից

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունն այսօր ներկայացրել է «Մամուլի ազատությունն աշխարհում 2010» զեկույցը:

Կազմակերպությունը հաշվարկում է մամուլի ազատության ցուցիչը 43 չափորոշիչներով, որոնց թվում են մամուլի ազատության սահմանափակման ուղղակի` լրագրողների սպանություններ, բանտարկում, ֆիզիկական հաշվեհարդար, և անուղղակի մեթոդներ` գրաքննություն, մամուլի միավորների առգրավվում, խուզարկություններ:

Վարկանիշային աղյուսակում երկրները տուգանային միավորներ են ստանում:

Նշենք, որ այս տարի Հայաստանը 27,50 միավորով ցուցակում զբաղեցրել է 101-րդ հորիզոնականը: Նախորդ տարվա համեմատ մեր երկիրը 10 տեղով առաջընթաց է գրանցել, թեև հիմա էլ դուրս է առաջին հարյուրակից:

Զեկույցում նշվում է, որ մեր տարածաշրջանում մամուլի ազատության վիճակը մտահոգիչ է մնում: Հարևան պետություններից Ադրբեջանը զբաղեցնում է 152-րդ տեղը` նախորդ տարվա համեմատ իջնելով 6 հորիզոնականով:

Թուրքիան զեկույցի պատմության ընթացքում հայտնվել է ամենացածր տեղում և այժմ 49,25 միավորով զբաղեցնում է 138-րդ հորիզոնականը:

Վրաստանը նախորդ տարվա համեմատ նույնպես հետընթաց է գրանցել: Անցյալ տարի մեր հյուսիսային հարևանը զբաղեցնում էր 81-րդ հորիզոնականը, մինչդեռ այս տարի Վրաստանում մամուլի ազատության վիճակը գնահատվել է 27 միավորով և այժմ այդ երկիրը զբաղեցնում է 100-րդ հորիզոնականը:

Զեկույցի հեղինակները մտահոգություն են հայտնում Եվրոպական միության երկրներում մամուլի ազատության անկմամբ:

Եվրոպական միության երկրների մի մասը լավագույն քսանյակում են, այնինչ մյուսները շատ ավելի հետ են: Մասնավորապես, Իտալիան 49-րդ տեղում է, Ռումինիան 52-րդ է, իսկ Հունաստանն ու Բուլղարիան կիսում են 70-րդ տեղը:

«Մամուլի ազատության ցուցիչը» գլխավորում են միանգամից մի քանի պետություններ` Ֆինլանդիան, Իսլանդիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Շվեդիան և Շվեյցարիան, որոնց ցուցիչը հավասար է զրոյի, այն է` նրանք տուգանային միավորներ չեն ստացել: 2002 թվականից այս երկրները պահպանում են առաջատարի դիրքերը:

Զեկույցում նշվում է, որ տնտեսապես արագ զարգացող ոչ բոլոր երկրներում  է մամուլի ազատության ցուցիչը բավարար մակարդակի վրա: Որպես օրինակ նշվում են
BRIC (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան) երկրները: Ցուցիչի համաձայն` Բրազիլիան 58-րդ հորիզոնականում է, Հնդկաստանը` 122-րդ, Ռուսաստանը` 140-րդ, իսկ Չինաստանը` 171-րդ: