Home / Հայաստան / Այս տիպի կառավարությունները ստեղծվում են յոլա տանելու համար. Ասատրյան

Այս տիպի կառավարությունները ստեղծվում են յոլա տանելու համար. Ասատրյան

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է 2011թ. պետական բյուջեին:

Ասատրյանն այն աննախադեպ չի համարում, ինչպես պնդում են շատերը:

«Այս բյուջեն մեծ տպավորություն չթողեց և շատ սկզբունքային խնդիրներից քչերն են լուծվելու, իսկ գալիք տարվա ավարտին մարդիկ ուրախ չեն լինելու»,- նշել է Բագրատ Ասատրյանը և հավելել, որ հաջորդ տարվա վերջին ևս մեծ թվով մարդիկ կլքեն Հայաստանը` օտար ափերում բարեկեցիկ կյանք փնտրելու նպատակով:

Խոսելով ինը ամիսների տնտեսական վիճակագրական տվյալների մասին` Բագրատ Ասատրյանն ասել է, որ սեպտեմբերին ավելի տխուր թվեր արձանագրվեցին, իսկ արդյուքնում ինը ամիսների տնտեսական աճը կազմել է 2,8 տոկոս:

Համեմատական անցկացնելով ԱՊՀ երկրների միջև` ԿԲ նախկին նախագահը կեսկատակ- կեսլուրջ նշել է, որ  Հայաստանը այս տարի անցյալ տարվա համեմատ հաջողություն է ունեցել` անցյալ տարի տնտեսական աճով ԱՊՀ երկրներում վերջին տեղում էր, իսկ այս տարի վերջից երկրորդը` Ղրղզստանից հետո:

Այս տարին, Բագրատ Ասատրյանի հավաստմամբ, հավանաբար գորշ էլ կփակենք` 10 տոկոս գնաճի ցուցանիշներով:

Խոսելով ՀՀ կառավարության գործունեության մասին` Բագրատ Ասատրյանն ասել է, որ «այս տիպի կառավարությունները ստեղծվում են յոլա տանելու համար»: