Home / Армения / Ժողովրդավարական պետությունը չի կարող ստեղծվել առանձին ժողովրդավարական տարրեր ներմուծելով

Ժողովրդավարական պետությունը չի կարող ստեղծվել առանձին ժողովրդավարական տարրեր ներմուծելով

Թեև «Ժողովրդավարությունը» աշխարհում ամենատարածված հասկացություններից մեկն է, սակայն վերջինիս անդրադառնալիս՝ հաճախ հաշվի չեն առնվում այդ հասկացության հետ կապված մի շարք կարևորագույն առանձնահատկություններ, նրբերանգներ, ինչը բերում է ժողովրդավարության աղճատված ընկալման։ Երեկ «Փոքր Խորհրդի» հերթական հանդիպման ժամանակ «Ժողովրդավարության նրբերանգները և միջազգային քաղաքականությունը» թեմայով զեկույց է ներկայացրել քաղաքագետ Էդգար Վարդանյանը:

Ելույթի ընթացքում Վարդանյանը նշել է «ժողովրդավարություն» բառի  առանձնահատկություններից մի քանիսը: Մասնավորապես, բանախոսի բնորոշմամբ՝ ժողովրդավարությունը վերացական հասկացություն չէ, դա կոնկրետ քաղաքական համակարգի մոդել է։

«Պետությունն է, որ հնարավոր է դարձնում ժողովրդավարության գոյությունը։ Ժողովրդավարությունը հավասար իրավունքներ ունեցող անհատների համաձայնության, պայմանավորվածության արդյունք է, որն իր հերթին տարածվում է այդ անհատների կողմից ձևավորված համայնքի սահմանների ներսում։ Այդ իսկ պատճառով ինչքան ժողովրդավարական պետություն կա, այդքան էլ ժողովրդավարական համայնք, այդքան էլ հասարակական պայմանագիր։ Ժողովրդավարությունը դրսից չի կարող կառուցվել, ներմուծվել», – նշել է Վարդանյանը։

Որպես ժողովրդավարության կարևորագույն առանձնահատկությունը Վարդանյանը նշել է այս հասկացության կապն ազատականության հետ։

«Առանց ազատականության, որի մեխը ազատ մարդն է իր իրավունքներով, ժողովրդավարությունը իմաստազրկվում է, դադարում է գոյություն ունենալ և դեսպոտիայի, մեծամասնության դիկտատուրայի է վերածվում։ Ընդհանրապես, որևէ մեծամասնություն իրավունք չունի խախտել մարդկանց և քաղաքացիների հիմնարար իրավունքները, որոնք ամրագրվում են համայնքի հիմնադիր պայմանագրում։ Այսինքն, մեծասամասնության իշխանությունը խիստ սահմանափակված է պայմանագրով։ Այդպիսի պայմանգրեր են՝ անկախության հռչակագիրը, սահմանադրությունը, իրավունքերի մասին բիլը», – ասել է Վարդանյանը։

Անդրադառնալով միջազգային ասպարեզում ժողովրդավարության հնարավորությանը՝ քաղաքագետը նշել է, որ քանի դեռ կան պետություններ, որոնք առաջնորդվում են իրենց պետական, ազգային շահերով միջազգային ասպարեզում դեմոկրատիա հնարավոր չէ։
«Դեմոկրատիան դա հավասար իրավունքներով անհատների միության արդյունք է և համաշխարհային մասշտաբով դեմոկրատիայի հաստատումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ աշխարհում կլինի միայն մեկ քաղաքական համայնք», – կարծիք է հայտնել Վարդանյանը։

Հակառակ պարագայում, եթե նույնիսկ բոլոր պետությունները լինեն դեմոկրատական, ապա միևնույն է համաշխարհային ասպարեզում նրանց միջև ընթացող հարաբերությունները չեն կարող լինել այդպիսին։ Միևնույն է պետություններն առանջնորդվելու են իրենց շահերով, քանզի ունեն նպատակ՝ ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը և բարեկեցությունը։ Միջազգային քաղաքանությունը հիմնվում է ուժերի բալանսի վրա։ Պետությունները պայմանավորվում են միմյանց հետ, դաշինքներ են ստեղծում, հակամարտում են, բաժանում են ռեսուրսներն ու ազդեցության ոլորտները։

Ժողովրդավարական տարրերի ներմուծումը միջազգային քաղաքականություն ընդամենը հանգեցնում է պետությունների միջև համագործակցության ընդլայնմանը, խաղաղության ամրապնդմանը և այլն։ Եվ միջազգային քաղաքականություն ժողովրդավարական առանձին տարրերի ներմուծումը չի նշանակում ժողովրդավարության ներմուծում։

Ժողովրդավարությունը համակարգ է, նշանակում է, որ այն գոյություն ունի միայն այն դեպքում, երբ առկա են միմյանց հետ որոշակի կապի մեջ գտնվող նրա բոլոր կարևորագույն տարրերը։ Այդ է նաև պատճառը, որ առանձին ժողովրդավարական տարրեր ներմուծելով չես կարող ժողովրդավարական պետություն ստեղծել, նման եզրահանգման է գալիս Էդգար Վարդանյանը։