Home / Армения / Արմեն Ղազարյանի «հետնորդները» գերազանցեցին հայազգի մաֆիոզներին

Արմեն Ղազարյանի «հետնորդները» գերազանցեցին հայազգի մաֆիոզներին

Արմեն Ղազարյանը և հայկական մաֆիոզ խմբավորումը միակը չէր, որ փորձում էր մեքենայությունների միջոցով խոշոր գումարներ կորզել Medicare ապահովագրական հիմնադրամից: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում ձերբակալված մի քանի տասնյակ հայազգի հանցագործներ 44-ամյա Արմեն Ղազարյանի գլխավորությամբ, ով հայտնի է Պզո կեղծանվամբ, 2006 թվականից ի վեր մոտ 163 միլիոն դոլարի վնաս էին հասցրել Medicare-ին: Խմբավորման գործունեությունը մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում դարձել էր զրույցների և քննարկումների հիմնական թեմաներից մեկը, և ահա ևս մեկ «պայթյուն» ապահովագրական ոլորտի հետ կապված: Նախորդ շաբաթվա վերջին հայտնի է դարձել, որ Մայամիում նոր հանցավոր խումբ է ձերբակալվել, որը հայկական խմբավորումից էլ ավելի լուրջ գործունեություն է ծավալել:

Ինչպես հաղորդում է Fox News-ը, ոմն American Therapeutic ընկերությունն իբր ծառայություններ է մատուցել հաշմանդամներին և դրա դիմաց գումարներ ստացել ապահովագրական հիմնադրամից: Իրականում փաստաթղթերում նշված ծառայությունների մեծ մասը չի մատուցել, իսկ գումարները յուրացվել են:

Այս գործով հասցված վնասը հասնում է մոտ 200 մլն դոլարի, ինչն ավելի շատ է, քան Արմեն Ղազարյանի խմբավորման կողմից գողացված գումարը:

«Ապահովագրական» նոր գործով Մայամիում ձերբակալվել է American Therapeutic ընկերության սեփականատեր Լորենս Դյուրանը, նույն ընկերության գործադիր տնօրեն Մարիանելլա Վարելան, ինչպես նաև կազմակերպության երկու աշխատակիցներ: