Home / Армения / Ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Վանյանը չի սեղմում Իլհամ Ալիևի ձեռքը

Ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Վանյանը չի սեղմում Իլհամ Ալիևի ձեռքը

Հայաստանում, բացառությամբ տասնյակ մարդկանց, ոչ ոք չի կարող իրեն անվտանգ զգալ: Այդ մասին, պատասխանելով Epress.am-ի հարցին, թե արդյոք ի պատասխան հնչող սպառնալիքների ադրբեջանական ֆիլմերի փառատոնի ժամանակ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Մեդիա կենտրոնում» անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են կիրառվելու, ասել է ուսումնական հաստատության տնօրեն, կրթության նախկին նախարար Աշոտ Բլեյանը:

«Ինչ անվտանգության մասին կարող է գնալ խոսքը, եթե նույնիսկ բանակում ծառայողը և Հայաստանում ՖՍԲ-ի աշխատակիցը /հոկտեմբերի 23-ին Գյումրիում սպանված – Epress.am/ չի կարող իրեն անվտանգ զգալ: Ինչ վերաբերում է իմ սեփական անվտանգությանը, ապա ես իմ մասնագիտական և հասարակական գործունեության մեջ ղեկավարվում եմ օրենքով և ուղիղ ֆիզիկական սպառնալիքին կարող եմ քացով պատասխանել», – ասել է տնօրենը:

Իսկ կազմակերպիչների կամ փառատոնը ողջունողների հասցեին հնչած սպառնալիքներով, ըստ Բլեյանի, պետք է զբաղվեն իրավապահ մարմինները:

Փառատոնի շուրջ բարձրացած աղմուկը զարմացրել է Աշոտ Բլեյանին, քանի որ կազմակերպիչ հանդիսացող «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Գեորգի Վանյանը չի համագործակցում Ադրբեջանի ղեկավարության հետ:

«Վանյանը, ի տարբերություն Հայաստանի նախագահի, Իլհամ Ալիևի ձեռքը չի սեղմում և մեր անունից դռնփակ բանակցություններ չի վարում: Իսկ վերջերս Բաքու էին այցելել «Դաշնակցության» ներկայացուցիչները», – նշել է Բլեյանը:

Միևնույն ժամանակ նախկին կրթության նախարարն ընգծել է, որ անձամբ ինքը շատ դրական վերաբերմունք ունի Հայաստանի ղեկավարության իրենց ադրբեջանական գործընկերների հետ յուրաքանչյուր շփումներին, որոնք ուղղված են մեր երկրների հասարակությունների հաշտեցմանը և խաղաղության հաստատմանը:
 
Վերադառնալով փառատոնի թեմային` Բլեյանը նշել է, որ Երևան են բերվում ֆիլմեր, որոնց մասին կարծիքը մենք կարող ենք ձևավորել գործերը դիտելուց հետո միայն:

«Մեր կրթահամալիրում թուրքական ֆիլմերի երկու փառատոն է անցկացվել: Վերջերս մեզ այցելել է Վրաստանի կրթության նախարարը, և ցուցադրվեցին վրացական ֆիլմեր: Մեր հյուսիսային հարևանի հետ մենք իրականացնում ենք փոխանակման ծրագիր: Այժմ կապ ենք հաստատում Պոլսի դպրոցի հետ: Մեզ մոտ նշվեց Թարգմանչաց տոնը, ամեն տարի անցկացվում են տարբեր փառատոներ: Այդ ամենը թույլ է տալիս կրթահամալիրի սաներին լայն հնարավորություններ ունենալ պատշաճ կրթություն ստանալու համար», – հավելել է Աշոտ Բլեյանը:

Նա նշել է, որ կրթահամալիրը բաց է բոլոր կրթական, մշակութային, հասարակական նախաձեռնությունների համար, որոնք թույլ են տալի լայնացնել մտահորիզոնը և իրականացնել տեղեկացված լինելու Սահմանադրությամբ ամրագրված Հայաստանի քաղաքացու իրավունքը: «Մենք պետք է շնորհակալ լինենք կազմակերպիչներին, որոնք մեզ հնարավորություն են տալիս ջարդել այդ տեղեկատվական պատը, որը գոյություն ունի հարևան երկրների միջև», – եզրափակել է նա: