Home / Армения / Սադամ Հուսեյնի զինակիցը հացադուլ է սկսել

Սադամ Հուսեյնի զինակիցը հացադուլ է սկսել

Մահվան պատժի դատապարտված Իրաքի նախկին փոխվարչապետ Տարիկ Ազիզը հացադուլ է սկսել, հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով դատապարտվածի որդու հայտարարությունը:

«Իմ հայրն ու ևս 25 դատապարտյալներ հոկտեմբերի 28-ից հացադուլ են հայտարարել: Նման կերպ են նրանք արտահայտում իրենց բողոքը, քանի որ իրենց արգելում են տեսակցություններ ունենալ բարեկամների և ընկերների հետ»,- նշել է նախկին փոխվարչապետի որդի Զիյադ Ազիզը, ով բնակվում է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում:

Զիյադ Ազիզի խոսքերով` իր վատառողջ հայրը ստիպված կլինի սպասել մինչև նոյեմբերի վերջ, երբ այդ ժամանակ նշանակված տեսակցության ընթացքում նրան կփոխանցեն անհրաժեշտ դեղորայք:

Նշենք, որ Տարիկ Ազիզի մահապատիժը կարող է բողոքարկվել 30 օրվա ընթացքում: Այն ուժի մեջ մտնելու համար հարկավոր է Իրաքի նախագահական խորհրդի հավանությունը:

Հիշեցնենք, որ 2010թ. հոկտեմբերին Իրաքի Գերագույն քրեական դատարանը դատապարտել է երկրի նախկին փոխվարչապետ Ազիզին մահապատժի կախաղանի միջոցով: Ազիզն Իրաքի նախկին նախագահ, մահապատժի դատապարտված Սադամ Հուսեյնի ամենամերձավոր զինակիցներից էր: