Home / Армения / Թունա Բեքլևիչը թուրքական իշխանությունների պրոյեկտն էր. թուրքագետ

Թունա Բեքլևիչը թուրքական իշխանությունների պրոյեկտն էր. թուրքագետ

Թուրքիայի իշխանությունները քաղաքական կամք չդրսևորելով, չվավերացնելով հայ-թուրքական արձանագրությունները` գործընթացը մտցրել են փակուղի:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Այժմ էլ թուրքական իշխանություններն իմիտացիոն գործունեություն են ծավալել. նրանք խոսում են Ցյուրիխ 2-ի, այսպես կոչված, «լուռ» դիվանագիտության մասին, ինչպես նաև վերջերս ակտվացել է հասարակական դիվանագիտությունը»,- մատնանշելով «Հզոր Թուրքիա» կուսակցության ներկայացուցիչների վերջին այցը Հայաստան` ասել է թուրքագետը:

Նրա խոսքով` «Հզոր Թուրքիայի» նախագահ Թունա Բեքլևիչի և նրա գործընկերների նախագիծն ուներ երկու պլան:

««Պլան մաքսիմում»` հանդիպել ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչների հետ, և «պլան մինիմում»` Հայաստանում ասուլիս հրավիրել, որը տեղի ունեցավ շնորհիվ որոշ մարդկանց (նկատի ուներ «Հայացք» ակումբը – Epress.am)», – իր խոսքի վերջին հատվածը Մելքոնյանն արտաբերեց ծիծաղելով:

Բանախոսի կարծիքով` դա թուրքական իշխանությունների կողմից կիրառված էժանագին քայլ էր:

««Հզոր Թուրքիա» կուսակցության ղեկավարների` հայ-թուրքական սահմանն անցնելու մասին արած հայտարարությունները վկայում են երկու բանի մասին. կամ նրանք ստախոս են` չեն անցել սահմանը, կամ էլ հանցագործ են` խախտել են պետական օրենքը»,- նշել է թուրքագետը:

Նա նաև հավելել է, որ եթե, ամեն դեպքում, նրանք հատել են սահմանը, ապա դա արել են Թուրքիայի կողմից և անցել են չեզոք գոտի, ինչը, ըստ Ռուբեն Մելքոնյանի, հնարավոր է միայն Թուրքիայի իշխանությունների թույլտվությամբ:

«Դա ևս մեկ անգամ վկայում է նրանց մասնակցության մասին այս հարցում», – հավելել է բանախոսը: