Home / Հայաստան / Մոսկովյան լրագրողներին ցնցել են երևանյան խելագար գները

Մոսկովյան լրագրողներին ցնցել են երևանյան խելագար գները

Այն, ինչ վաճառվում է երևանյան հասարակ խանութներում, ուշադրության արժանի չէ, իսկ այն, ինչ որակյալ է, 2-3 անգամ ավելի արժե, քան Մոսկվայում: Այս մասին ասել է Lenta.ru կայքի գլխավոր խմբագիր Գալինա Տիմչենկոն Эхо Москвы ռադիոկայանի եթերում՝ խոսելով Երևան կատարած իր այցի մասին:

«Օրինակ, հասարակ աշնանային բաճկոնը, որը Մոսկվայում արժե 3-4 հազար ռուբլի (100-130 դոլար), այնտեղ արժե 9 հազար: Իսկ հասարակ երեկոյան զգեստը, ես նմանը վերջերս մոսկովյան «Մեգայում» էի տեսել, Երևանում արժե 18 հազար ռուբլի: Մոսկվայում այն 7 հազար արժե: Փաստորեն, այնտեղ խելագար գներ են», – ասել է Տիմչենկոն:

Հաղորդման մյուս մասնակիցը՝  Эхо Москвы ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղեկալ Սերգեյ Բունտմանն այս փաստը բացատրել է նրանով, որ Հայաստանի գրեթե բոլոր սահմանները փակ են:

«Լիովին բաց և լիարժեք գործող ցամաքային սահմանը Իրանի հետ է: Թուրքիայի մասին մոռացեք, Ադրբեջանի հետ հարաբերություններ չկան՝ կան միայն բարդություններ, չլուծված և գրեթե չլուծվող հարցեր: Վրաստանի հետ սահմանը նորմալ է գործում, սակայն հետո խնդիրներ են սկսվում` ցամաքային տրանսպորտի հետ կապված: Վրացական նավահանգիստնե՞ր: Բաթումի, Պոտի: Իսկ հետո հյուսիսում ի՞նչ կա: Ինչ-որ մեկի կողմից թեթևակի ճանաչված Աբխազիա: Ապա միայն բարդություններ են: Եվ այսպես, միայն օդային կամուրջ գոյություն ունի: Այսպիսի Բեռլին է, գրեթե 1949 թվականն է», – ասել է Բունտմանը: