Home / Армения / «Եվրոպացիներին ապացուցում են, որ սա ոստիկանապետություն է». պիկետի մասնակիցներն ավելանում են

«Եվրոպացիներին ապացուցում են, որ սա ոստիկանապետություն է». պիկետի մասնակիցներն ավելանում են

Հայ Ազգային Կոնգրեսի կողմից «Երևան» հյուրանոցի մոտ անցկացվող պիկետի մասնակիցների թիվն ավելանում է: Երիտասարդ ակտիվիստներին արդեն միացել են ներկայացուցիչներ Գյումրիից և Մարալիկից:

Նշենք, որ այսօր Երևանում անցկացվում է «Եվրամիություն-Հայաստան. Քաղաքացիական հասարակության համաժողով»-ը, և Կոնգրեսի ներկայացուցիչներն իրենց բողոքի ձայնն են ցանկանում հասցնել եվրոպացի պաշտոնյաներին:

Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցները սկսել են անգլերեն կարգախոսներ վանկարկել` կոչ անելով եվրոպացի պաշտոնյաներին ազատ արձակել քաղբանտարկյալներին: Երիտասարդները նաև կիթառ են նվագում և երգում են: Ուշագրավ է, որ պիկետի այն մասնակիցները, ովքեր առավոտյան էին ժամանել հյուրանոցի մոտ, գտնվում են ոստիկանների շղթայում, իսկ նոր ժամանածները` այդ շղթայից դուրս: Վերջիններիս չեն թույլ տալիս միանալ հիմնական խմբին, Շառլ Ազնավուրի հրապարակում առաջացել են կուտակումներ և մայթը, փաստորեն, փակվել է: Հիմնական խմբին թույլ չեն տալիս միանալ նաև ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Մաթևոսյանին, ով Epress.am-ի հետ զրույցում նշել է հետևյալը. 

«Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը որևէ առիթ բաց չի թողնում նույնիսկ եվրոպացիներին ապացուցելու, որ սա ոստիկանապետություն է: Իսկ այդ ընդարձակ արգելափակոցի գոյությունը, նույնիսկ մայթը փակելն ապացուցում է, որ այս ոստիկանական գործողությունը խելամտությունից բավականին հեռու է: Առաջնորդվում են բնազդով և կարծում են, որ սրանով կարող են արգելել պիկետի մասնակիցների և սեմինարի մասնակիցների կենդանի շփումը»:

Հիշեցնենք, որ այսօր մոտ 10:00-ի սահմաններում պիկետի մասնակիցների վրա հարձակվել են ոստիկանները և սկսել են խլել նրանց պաստառները: Երիտասարդները պառկել են գետնին, իսկ ոստիկանները քաշքշելով և հարվածելով նրանցից չորսին` Սարգիս Գևորգյանին, Արեգ Գևորգյանին, Վահագն Գևորգյանին և Սարգիս Խաչատրյանին նստեցրել են ոստիկանական մեքենաներ և հեռացել տարածքից: