Home / Армения / Միջազգային կառույցներն առայժմ չեն պատասխանել Սարիբեկյանի խնդրին առնչվող նամակին

Միջազգային կառույցներն առայժմ չեն պատասխանել Սարիբեկյանի խնդրին առնչվող նամակին

ՀՀ ԱԺ խորհրդարանական խմբակցությունների անունից միջազգային կառույցներ ուղարկված նամակն առայժմ անպատասխան է մնացել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

Դեռևս մեկ ամիս առաջ ՀՀ ԱԺ խմբակցությունները նամակ էին հղել ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ և Եվրամիություն, որում նշված էր, որ ադրբեջանական կողմը խախտել է Ժնևյան կոնվենցիայի տասնյակ կարևորագույն հոդվածներ` որպես օրինակ նշելով Մանվել Սարիբեկյանի դեպքը, որին, ըստ հայկական կողմի, խոշտանգումների են ենթարկել Ադրբեջանում:

Լարիսա Ալավերդյանի խոսքով` ՀՀ ԱԺ պատգամավորները պահանջել են Ադրբեջանի կողմից հարուցված քրեական գործի քննության ժամանակ ընդգրկել նաև հայկական իրավապահ մարմինների ներկայացուցիչների պահանջները:

ԱԺ պատգամավորը նշել է, որ այս հարցում մեծ ակտիվություն է ցուցաբերում Վանաձորի Հելսինկյան ասամբլեայի գրասենյակը: Վանաձորցի փաստաբան Կարեն Ստեփանյանը նշել է, որ պատրաստ է հանդես գալ որպես տուժողի ներկայացուցիչ:

Լարիսա Ալավերդյանը կոչ է արել հասարակական կազմակերպություններին և անհատներին դիմել միջազգային այլ կառույցներին` այդ հարցը բարձրացնելու պահանջով:

«Ժառանգության» պատգամվորը ասել է, որ իրենք չեն սպառել հարցի լուծման մեթոդները և որ այս գործընթացը նոր է սկսվում:

«Ցանկացած միջազգային կառույց դանդաղ է աշխատում»,- ասել է Լարիսա Ալավերդյանը: