Home / Հայաստան / Նալբանդյանը հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ հիշել է հռոմեական կայսրին

Նալբանդյանը հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ հիշել է հռոմեական կայսրին

Նոյեմբերի 11-ին Հնդկաստան կատարած իր այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Միջազգային հարաբերությունների հնդկական Խորհուրդում ելույթով է հանդես եկել, որից հետո, պատասխանելով ներկաների հարցերին, անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

«Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններն ավարտվեցին արձանագրությունների ստորագրմամբ: Չկա ոչ «լուռ դիվանագիտություն», ոչ Ցյուրիխի «երկրորդ փուլ», ոչ էլ նոր բանակցություններ: Թուրք քաղաքական գործիչներից ոմանք, և որոշ թուրքական լրատվամիջոցներ խոսում են այդ մասին, բայց ես չգիտեմ թե ում է ուղղված «լուռ դիվանագիտությունը»: Հռոմեական փիլիսոփա-կայսր Մարկոս Աուրելիոսի հայտնի «Մտքերը» վերնագրված էին «Ինքս ինձ մտքեր հասցեագրելով»: Փիլիսոփաները կամ որոշ կայսրեր հավանաբար իրենց մտքերը հասցեագրել են հենց իրենց: Իսկ դիվանագետները իրենց մտքերը հասցեագրում են այլ դիվանագետների, եթե նպատակ ունեն դիվանագիտական լուծումներ գտնել», – հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

Նալբանդյանի խոսքով` միակ քայլը, որ մնում է անել այդ գործընթացում հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն ու իրականացումն է առանց հավելյալ ձգձգումների:

«Հայաստանը պատրաստ կլինի շարժվել առաջ, եթե Թուրքիան նորից պատրաստ լինի շարժվել առաջ կարգավորման գործընթացում առանց նախապայմանների», – ասել է Էդվարդ Նալբանդյանը: