Home / Армения / «Լրջացեք` գրողը տանի», խորհուրդ է տալիս Նիկոլ Փաշինյանը

«Լրջացեք` գրողը տանի», խորհուրդ է տալիս Նիկոլ Փաշինյանը

«Եթե անունս Արմեն Հարությունյան կամ Ռազմիկ Ձոհրաբյան լիներ՝ խորը ըմբռնումով կմոտենայի իմ ասածների նկատմամբ կասկածի ցանկացած դրսևորման: Բայց հիմա ես պատմում եմ դիմակավորված երկու անձանց՝ «Կոշ» ՔԿՀ-ում ինձ վրա կատարած զիշերային հարձակման մասին, ու որևէ մեկը իմ ասածը կասկածի տա՞կ է առնում: Այն, որ Արդարադատության նախարարության անբարոյականի զավակները նման փորձեր անում են՝ դա հասկանալի է. անբարոյականի գավակ լինելը նրանց գործն է», – այսպես է սկսվում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտրակյալ Նիկոլ Փաշինյանի հոդվածը, որը կոչվում է «Լրջացեք` գրողը տանի»:

Հոդվածում Փաշինյանն անդրադառնում է երկու օր առաջ իր վրա կատարված հարձակման մասին կարծիքներին և հրապարակումներին: Լրագրողը նշում է, որ իր համար հարգելի մարդկանց խոսքում հստակության բացակայությունը վիրավորանք է իր հասցեին։

«Սա ասում եմ որպես բարեկամական դիտարկում: Իմ սիրելի Զարուհի Փոստանջյանը, որ գիշերվա կեսին ինձ այցելության է եկել` քնից, տնից–տեղից կտրված, հայտարարում է, որ չնայած ՔԿՀ մեր հանրակացարանի դատապարտյալները չեն հաստատել իմ պատմածը, դա դեռ չի նշանակում, որ միջադեպը տեղի չի ունեցել։ Այսինքն՝ Զարուհի Փոստանջյանը ինքն իր մեջ հնարավոր համարո՞ւմ է նման տարբերակ, որ միջադեպը տեղի ունեցած չլինի, այսինքն՝ Զարուհի Փոստանջյանը հնարավոր համարո՞ւմ է, որ ես իմ դեմ հարձակում հորինեմ կամ երազում բան տեսնեմ և դա ընկալեմ որպես իրականություն: Եթե խոսքը Զարուհիի մասին չլիներ, ուրիշ բան կմտածեի։ Բայց տվյալ դեպքում դա համարենք սովորական թյուրիմացություն», – նշում է Փաշինյանը:

Նա անդրադառնում է նաև դեպքի մասին «Ազատության» ռադիոկայանի նյութերին:

«Բա «Ազատություն» ռադիոկայանը. ասում է՝ «Կոշ» ՔԿՀ-ից իրարամերժ տեղեկություններ են հասնում։ Այսինքն՝ ձեզ թվում է, որ եթե յանկիների փողերով եք ապրում՝ էդքան կա՞ք, որ ինձ հետ տեղի ունեցածի մասին իմ պատմածի փաստական մասի իսկությունը կասկածի տակ դնեք։ Թե՞ «օբյեկտիվ» եք: Բա եթե իմանաք, թե մեզ ինչպիսի իրարամերժ տեղեկություններ են հասնում ձեր որոշ ղեկավարների և Սերժի փեսա Միշիկի հարաբերությունների բնույթի և վերջին շրջանում ձեր ծավալած լրատվական քաղաքականության մասին։ Դե, օմբուդսմեն կոչվածի և այս կարգի մյուս դեմքերի մասին բան չեմ ասում։ Նրանց իմ ասելիքը վաղուց եմ ասել և ավելացնելու ոչինչ չունեմ։ Հույսս այն է, որ այս թեմային անդրադառնալու նոր առիթ չեմ ունենա։ Չնայած՝ եթե ցանկացողներ լինեն, խնդիր չեմ տեսնում», – եզրափակում է Նիկոլ Փաշինյանը: