Home / Հայաստան / ՀՀ նախագահի կայքն առայժմ լռում է Սարգսյան-Մեդվեդև հանդիպման մասին

ՀՀ նախագահի կայքն առայժմ լռում է Սարգսյան-Մեդվեդև հանդիպման մասին

Նոյեմբերի 17-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Այս մասին հաղորդում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 16-ին պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա, սակայն ՀՀ նախագահի կայքում զետեղված հաղորդագրության մեջ նշված չէ, որ երկրի ղեկավարը հանդիպելու է Դմիտրի Մեդվեդևի հետ:

Համաձայն ՀՀ նախագահի կայքի` այցի շրջանակներում նախատեսված են հայ-ռուսական երկկողմ հանդիպումներ, ինչպես նաև` Սերժ Սարգսյանի մասնակցությունը «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 10-ամյա հոբելյանի առթիվ անցկացվելիք միջոցառմանը:

Նշված է նաև, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում կմասնակցի Հիմնադրամի ամենամյա գալա երեկոյին: