Home / Армения / Փաշինյանի համար ակցիային կոչ են անում մասնակցել անգամ նրա հայացքները չկիսող լրագրողներին

Փաշինյանի համար ակցիային կոչ են անում մասնակցել անգամ նրա հայացքները չկիսող լրագրողներին

Այսօր ժամը 15:00-ին Սարյանի արձանի տարածքում «Հայկական ժամանակ» օրաթերթի նախաձեռնությամբ կկայանա ակցիա` ի պաշտպանություն թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին տեղեկացրել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Նա ասել է, որ ներկա գտնվող լրագրողները կարող են չկիսել Նիկոլի հայացքները, բայց որպես ազնիվ լրագրող, որպես Փաշինյանի գործընկեր նրանք պարտավոր են ներկա գտնվել, և առհասարակ խոսել նրա դեմ կատարվող ոտնձգությունների մասին:

«Մի պահ մտածեք, թե ինչպես է ապրում Նիկոլ Փաշինյանը, երբ ամեն վայրկյան` նույնիսկ քնած ժամանակ, գիտի, որ իր դեմ հարձակում կարող է լինել: Մենք այլ լծակ չունենք Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու, քան բարձրաձայնելը», – ասել է Հարությունյանը:

Իրավապաշտպանի խոսքով` «որպեսզի Նիկոլից հետո հերթով մեզանից յուրաքանչյուրին չտանեն, բոլորիս գործն է նրան պաշտպանելը»:

«Պաշտպանելով Նիկոլին` պաշտպանում ենք ինքներս մեզ», – ասել է Հարությունյանը: