Home / Армения / «Արյունոտ ձեռքերդ հեռու Նիկոլից…». Կառավարության շենքի առջև բողոքում էին

«Արյունոտ ձեռքերդ հեռու Նիկոլից…». Կառավարության շենքի առջև բողոքում էին

ՀՀ կառավարության շենքի մոտ այսօր անցկացվող բողոքի ակցիաներից մեկի մասնակիցները պահանջում էին ազատ արձակել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին:

Բողոքի ակցիայի մասնակցիներն էին ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը և նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին:

Արեգ Գևորգյանը Epress.am-ին փոխանցեց, որ իրենք պահանջում են Նիկոլ Փաշինյանի շութափույթ ազատագրումը, այլապես «ժողովրդի վրեժը շատ դաժան է լինելու»:

Ինչ վերաբերում է Վարդգես Գասպարիին, ապա վերջերս Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ ինքը ասելու ոչինչ չունի:

«Դիմեք Նիկոլին, հանդիպում պահանջեք նրա հետ, թող ինքն ասի իր խոսքը», – ասել է Գասպարին:

Երբ կառավարության նիստից հետո շենքից դուրս է եկել ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, Գասպարին նրա հետևից քայլել է մինչև մեքենա` մեղադրանքներ ուղղելով նախարարի հասցեին:

«Մարդասպան», «Հանցագործ», «Արյունոտ ձեռքերդ հեռու Նիկոլից» Գասպարիի արտահայտությունների ներքո Դանիելյանը նստել է իր ավտոմեքենան և հեռացել: