Home / Հայաստան / Ներքևից վերև. Հայաստանում առաջարկում են քանդել մշակույթում կուտակված կաղապարները

Ներքևից վերև. Հայաստանում առաջարկում են քանդել մշակույթում կուտակված կաղապարները

Հանդիսանում են արդյո՞ք մշակութային արժեք մշակույթի հաստատությունները, ավելի լայն առումով՝ նաև մշակութային ուղղությունները կամ տեսակները: ՀԱԿ-ի Մշակույթի հանձնաժողովի երեկ կայացած հերթական նիստում քննարկվել է «մշակութային արժեք» հասկացողության սահմանումը:  

Թեմայի հետ կապված մի շարք հարցեր քննարկվում էին «Մշակութային քաղաքականության հիմնադրույթներ» հայեցակարգային փաստաթղթի լրամշակման համատեքստում: Հանձնաժողովը եկել է այն տեսակետին, որ քանի որ, ըստ նոր հայեցակարգի, մշակութային գործառույթի իրականացնողը և հիմնական սուբյեկտը քաղաքացին է, այլ ոչ կառավարությունը կամ իշխանությունը, ապա վերջինիս դերն է՝ աջակցել քաղաքացիներին ու քաղաքացիների ազատ միավորումներին մշակութային իրենց գործունեութայն մեջ համապատասխան իրավական դաշտ ստեղծելու և հանրային ռեսուրսը ուղղակի կամ անուղղակի ձևով մատչելի դարձնելու միջոցով: Հետևաբար, իշխանությունը ինքը չի սահմանում մշակութային արժեքը (պատմական ժառանգության մեջ դասվողներից բացի) և աջակցում է միայն այնպիսի հաստատություններին ու մշակութային ուղղություններին, որոնք նախաձեռնված են քաղաքացիների կողմից, այլ ոչ թե, ինչպես խորհրդային և այժմեական կենտրոնացված համակարգերում,  իշխանության հայեցողությամբ ստեղծված հաստատություններին ու «նախապատվելի» ուղղություններին, որոնց համար այնուհետ գործակատարներ են վարձվում:
«Չկա նախաձեռնություն – չկա հաստատություն»` սա է ապակենտրոնացված մշակութային քաղաքականության բանաձևը, որից բխում է նաև հետևալ դրույթը՝ «ամեն կենդանի նախաձեռնություն ու կամավոր միավորում կստանա պետական աջակցություն»:

Նշվել է, որ ՀԱԿ-ի հանձնաժողովների (Կրթության ու գիտության, Առողջապահության, Տնտեսական հարցերի) մշակված կամ մշակվող հայեցակարգերում ամրագրված է նույն հիմնարար սկզբունքը՝ պետության կողմից աջակցվում են ոչ թե բնագավառները որպես այդպիսին` իրենց կարծր ու արդիականությանը վատ համակերպվող կառուցվածքով, այլ` բնագավառի հիմնական գործող ու նախաձեռնող սուբյեկտ հանդիսացող քաղաքացիները: Փաստորեն, աջակցություն ստանում է գիտնականը ու կրթվողը (աշակերտը, ուսանողը), այլ ոչ թե գիտական ու կրթական հաստատությունները որպես այդպիսին, բուժօգնության կարիք ունեցողը կամ բժշկական գիտությունն ու պրակտիկան զարգացնողը, և ոչ թե բուժական հաստատությունները որպես այդպիսին, տնտեսական գործունեություն իրականացնողը, այլ ոչ թե տնտեսական դաշտը հսկել ցանկացող կառույցներն ու անձինք:

Մշակույթը դիտարկելով իբրև համընդհանուր երևույթ, որի մեջ մտնում են նաև քաղաքական, տնտեսական, պետական մշակույթը, ՀԱԿ-ի մշակութային հանձնաժողովի առաջ բերվող և իրականացվող մշակութային արմատական փոփոխությունը կայանում է նրանում, որ այն կենտրոնացված պետության, բռնապետության հայեցակարգը, որտեղ բոլոր որոշումները կայացվում են և հիմնարար արժեքները սահմանվում են իշխող ինչ-ինչ «էլիտար» խմբի կողմից, փոխարինում է քաղաքացիական հասարակության հայեցակարգով, որտեղ բոլոր արժեքները, բոլոր հաստատությունները, դրանց մեջ ներառյալ նաև ինքը՝ կառավարությունը, սահմանվում և ստեղծվում են քաղաքացիների ազատ որոշմամբ, ոչ թե վերևից ներքև, այլ՝ ներքևից վերև, այն չափով ու այն ձևով, որը հարկ են գտնում նախատեսել ինքնիշխան քաղաքացիները:

Համաձայն քննարկման մասնակիցների` այս մոտեցումը քանդում է պետությունում և մշակույթում կուտակված կաղապարները և վերջ է տալիս քաղաքացիների օտարացմանը պետությունից, տնտեսությունից, մշակույթից, քաղաքականությունից, ինչպես նաև հիմնարար այլ ոլորտների գործունեությունից, ապահովում է հանրային կենդանի ուժերի ներգրավվմանը պետական կայացման ընթացքին: