Home / Армения / ԼՂՀ նախագահը Փարիզում քննարկել է համագործակծության հեռանկարները

ԼՂՀ նախագահը Փարիզում քննարկել է համագործակծության հեռանկարները

Նոյեմբերի 27-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Փարիզում հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանի հետ:
Հանդիպման ժամանակ արծարծվել են Ղարաբաղում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նույն օրը Բակո Սահակյանը մասնակցել է Ֆրանսահայ բժիշկների միության տարեկան հավաքին:

Նա երախտագիտություն է հայտնել ներկաներին` Արցախին մշտապես սատարելու համար` նշելով, որ միությունը կարևոր դեր ունի ԼՂՀ-ում բժշկության զարգացման գործում:
Քննարկվել են նաև առողջապահության ոլորտում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

Միջոցառումներին մասնակցում էին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը և Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Նոյեմբերի 28-ին Բակո Սահակյանը Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր տաճարում մասնակցել է կիրակնօրյա պատարագին, որը մատուցել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը:

Նոյեմբերի 28-ին Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել գործարար և բարերար Վարդան Սիրմակեսի հետ:

Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր, հայտնում է ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքը: