Home / Հայաստան / WikiLeaks. Պուտինը` ալֆա-որձ, Բերլուսկոնին` սեքսուալ ախորժակի գերի

WikiLeaks. Պուտինը` ալֆա-որձ, Բերլուսկոնին` սեքսուալ ախորժակի գերի

WikiLeaks կայքը, որը զբաղվում է գաղտնի նյութերի հրապարակմամբ, տասնյակ հազարավոր նոր նյութեր է ներկայացրել, որոնք հիմնականում վերաբերում են ԱՄՆ պետդեպարտամենտի և արտերկրում ամերիկյան դեսպանատների, այդ թվում` Ռուսաստանի հետ նամակագրությանը:

Տպագրված նյութերը միջազգային սկանդալների սկիզբ կարող են դառնալ, մասնավորապես, ամերիկյան դիվանագետների կողմից համաշխարհային առաջնորդներին ոչ պատշած կերպով բնութագրելու համար: Ըստ հրապարակված տեղեկատվության`ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին ամերիկացի դիվանագետներն անվանել են «սփրթնած և անվճռական», իսկ վարչապետ Վլադիմիր Պուտինին`«ալֆա-որձ»:

WikiLeaks-ը տպագրել է ավելի քան 250 հազար գաղտնի դիվանագիտական նամակներ և հեռագրեր, որոնք արտերկրում ԱՄՆ դեսպանատներից ուղարկվել են Վաշինգթոն: Նյութերը տրամադրվել են արևմտյան ԶԼՄ-ներին, որոնցից շատերն այդ նամակներից արդեն իսկ տպագրել են հատվածներ, այդ թվում` The New York Times, The Guardian, Spiegel Online, El Pais և Le Monde պարբերականները:

Ամերիկացի դիվանագետներն իրենց նամակներում նշել են, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը վարչապետ Վլադիմիր Պուտինի քաղաքական պատանդն է:
Մեդվեդևին անվանում են Ռոբին, իսկ Պուտինին` Բեթմեն` նկատի ունենալով սուպերհերոսների մասին պատմող «Բեթմենն ու Ռոբինը» ֆիլմը: Այս ֆիլմում «մարդը հանդես է գալիս չղջիկի կերպարանքով, ով իրեն գործընկեր է վերցնում ավելի փոքր և անփորձ մեկին` Ռոբինին:

WikiLeaks-ի հրապարակման մեջ հիշատակվում են նաև այլ միջազգային առաջնորդներ: Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին, ամերիկացի դիվանագետների կարծիքով, «քաղաքական և ֆիզիկական տեսանկյունից թույլ» կերպար է, ով հյուծվել է իր սեռական «ախորժակի» պատճառով: Իտալիայի վարչապետին անվանում են նաև «անպատասխանատու, ինքնասիրահարված և բացաձակապես անարդյունավետ» առաջնորդ:

Տպագրված նյութերում անդրադարձ կա նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Ըստ նյութերի` Մերկելը «խուսափում է ռիսկային քայլերից», «հազվադեպ է ստեղծագործ միտք արտահայտում» և ընդհանուր առմամբ շատ «գոռոզ» է:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին էլ նկարագրվում է որպես «իշխող» և «նեղացկոտ» ամձնավորություն, ով շատ կոպիտ է վերաբերվում իր գործընկերներին:

WikiLeaks-ի նյութերի համաձայն` ԱՄՆ իշխանությունները մտահոգված են ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի և Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի միջև ձևավորված սերտ հարաբերություններով: Ներկայացված են «ճոխ նվերների», շահավետ էներգետիկ պայմանագրերի, ինչպես նաև «գաղտնի ռուսալեզու գործակալի» գոյության մասին տվյալներ, որի ծառայություններից օգտվում է Բերլուսկոնին: Հրապարակված փաստաթղթերում ասված է, որ ռուսական հատուկ ծառայությունները գործում են հանցավոր աշխարհի հետ համատեղ, ինչի հետևանքով երկիրը «փաստացի հանցավոր պետության է վերածվել»:

Նշենք, որ WikiLeaks կայքը, որի հիմնական նպատակը գաղտնի նյութերի հրապարակումն է առանց դրանց աղբյուրների բացահայտման, ստեղծվել է 2006 թվականին: Կայքը մեծ ճանաչում է ստացել ընթացիկ տարվա հուլիսին, երբ  ԱՄՆ զինված ուժերի  և Աֆղանստանում նրանց դաշնակիցներին վերաբերող 77 հազար նյութ է տպագրել: Իսկ 2010-ի հոկտեմբերին կայքում տեղեկատվություն է հայտվել Իրաքի պատերազմի մասին` մոտ 400 հազար փաստաթուղթ, ըստ որոնց` իրաքյան հատուկ ծառայությունների աշխատակցիները կտտանքների են ենթարկում և սպանում են բանտարկյալներին, իսկ ամերիկացիները սրա վերաբերյալ ոչինչ չեն ձեռնարկում: