Home / Հայաստան / ՁԻԱՀ-ի դեմ պայքարում Հայաստանի հույսը Գլոբալ հիմնադրամն է

ՁԻԱՀ-ի դեմ պայքարում Հայաստանի հույսը Գլոբալ հիմնադրամն է

Հայաստանի պետբյուջեից տրամադրվող միջոցները չեն բավարարի իրականացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման համար իրականցվող միջոցառումները, եթե Գլոբալ հիմնադրամը դադարեցնի ֆինանսավորումը:

Այսօր ՁԻԱՀ- դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված քննարկման ժամանակ Epress.am–ի հարցին` արդյոք Հայաստանը պատրաստ է ֆինանսավորել ՁԻԱՀ-ի կանխարգելման համար իրականցվող ծրագրերը, եթե Գլոբալ հիմնադրամը դադարեցնի ֆինանսավորումը, նման պատասխան է տվել ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Նշենք, որ այս պահին Գլոբալ հիմնադրամը ֆինանսավորում է Հայաստանում իրականցվող ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագրերի 60% -ը: Գլոբալ հիմնադրամի հետ Հայաստանի համաձայնագիրը գործում է մինչև 2012 թվականը:

«Սակայն եթե նման բան տեղի ունենա, մենք պետք է փորձենք հավելյալ միջոցներ հայթայթել միջազգային այլ կառույցներից, քանի որ սա կոնկրետ պետության խնդիր չէ, այլ համաշխարհային խնդիր է»,- ասել է Արա Բաբլոյանը:

Իր հերթին, Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Տիգրան Սահակյանը նշել է, որ Գլոբալ հիմնադարամի կողմից ֆինանսավորման դադարեցման դեպքում պահուստային ֆոնդից կտրամադրվեն միջոցներ:

Նրա խոսքով` Հայաստանը, ամեն դեպքում, միայնակ չի կարող լուծել այդ հարցը:
Սահակյանը նաև կարծիք է հայտնել, որ ֆինանասավորման դադարեցում չի լինի:

ՁԻԱՀ-ով վարակվածների խնդիրներով զբաղվող «Իրական մարդիկ, իրական աշխարհ» հ/կ-ի համանախագահ Հովհաննես Մադոյանն ասել է, որ պարզ է` Հայաստանի կառավարությունը չի կարող տարեկան 3,5 միլիոն դոլար տրամադրել միայն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրի համար:

«Մնում է հուսալ, որ Գլոբալ հիմնադրամը չի դադարեցնի ֆինանսավորումը»,- ասել է Մադոյանը: