Home / Армения / Սերժ Սարգսյանն Աստանայում հանդիպել է ԵԱՀԿ անդամ երկրների ղեկավարների հետ

Սերժ Սարգսյանն Աստանայում հանդիպել է ԵԱՀԿ անդամ երկրների ղեկավարների հետ

ԵԱՀԿ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մի շարք հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների և պատվիրակությունների ղեկավարների հետ: Սերժ Սարգսյանը Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հետ առավոտյան ունեցած հանդիպումից հետո, օրվա երկրորդ կեսին հանդիպել է Եվրամիության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, Մեծ Բրիտանիայի պատվիրակության ղեկավար, փոխվարչապետ Նիկ Քլեգգի և Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ:

Սերժ Սարգսյանը Եվրամիության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում վիզային ռեժիմի մեղմացման, առևտրի ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ հնարավոր աջակցությանը:

Սերժ Սարգսյանը և Հերման Վան Ռոմպոն քննարկել են նաև Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի շուրջ ս.թ. հուլիսին մեկնարկած բանակցություներին վերաբերող հարցեր:

Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիկ Քլեգգի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը զրուցել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու ներդրումների խրախուսմանը, Հայաստան-Եվրամիություն կապերի խորացմանն առնչվող թեմաների շուրջ:

Սերժ Սարգսյանի և Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-սերբական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: