Home / Армения / Հանուն հավասար հնարավորությունների ֆուտբոլում հաղթեց Epress.am-ը

Հանուն հավասար հնարավորությունների ֆուտբոլում հաղթեց Epress.am-ը

Աշխարհում յուրաքանչյուր տասը մարդկանցից մեկը համարվում է հաշմանդամ: Մոլորակի վրա հաշմանդամների ընդհանուր թիվն անցնում է 650 միլիոնից: Դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Հաշմանդամների միջազգային օր, և ողջ աշխարհում քարոզվում է բոլոր մարդկանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու գաղափարը: 

Երեկ Երևանում` «Միկա» մարզադահլիճում հանուն հավասար հնարավորությունների ֆուտբոլ էին խաղում նաև լրագրողները:

«Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» լրագրողների մրցաշարում կայացան 3-րդ տեղի համար և եզրափակիչ հանդիպումները, այնուհետև` մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

Երրորդ տեղի համար «Արմենպրեսը» լարված պայքարում 2:1 հաշվով առավելության հասավ «Արևածաղիկ» ամսագրի թիմի նկատմամբ, թեև հանդիպման ընթացքում պարտվում էր 0:1 հաշվով:

Եզրափակիչում հանդիպեցին Epress.am-ի և «Մեդիամաքսի» թիմերը: Epress.am-ն արագ առաջ անցավ հաշվի մեջ` 2:0, սակայն «Մեդիամաքսը» կրճատեց հաշվի տարբերությունը և առաջին կեսի ավարտն անցավ լարված պայքարում: Երկրորդ խաղակեսի սկզբին, սակայն, Epress.am-ը երկու գնդակ խփեց` հաշիվը դարձնելով 4:1, որից հետո էլ հանդիպման ելքը պարզ դարձավ: Մինչև հանդիպման ավարտը Epress.am-ը ևս երկու գոլի հեղինակ դարձավ` ամրագրելով հաղթանակը` 6:1:

Մրցանակաբաշխության ընթացքում ելույթ ունեցողները կարևորեցին մրցաշարի անցկացնումը: Արդեն ավանդական դարձած միջոցառման ժամանակ լրագրողները ֆուտբոլ են խաղում, բնականաբար, ձգտելով հաղթանակի, սակայն հավասար հնարավորությունների քարոզումը մնում է այն կարևորագույն հիմնակետը, որն առաջնորդում է և’ մրցաշարի կազմակերպիչներին, և’ մասնակից թիմերին:

Տեսանյութ` http://epress.am/PVideos.aspx

«Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» լրագրողների ֆուտզալի 4-րդ մրցաշարն անցկացվում էր «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների կողմից` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ և «Կոկա-կոլա» և «Էսթինգ» ընկերությունների հովանավորությամբ: