Home / Հայաստան / Ալիևը պատանդ է պահում Թուրքիային Արձանագրությունների պատճառով. WikiLeaks

Ալիևը պատանդ է պահում Թուրքիային Արձանագրությունների պատճառով. WikiLeaks

Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուն
ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Բիլ Բըրնսի հետ այս տարվա փետրվարի 18-ին կայացած հանդիպման ժամանակ դիմել է ԱՄՆ-ին, որպեսզի Մինսկի Խմբի գործընթացը և Հայաստանի և Թուրքիայի միջև Արձանագրությունների վավերացումը զուգահեռ ընթանա: Այս տեղեկություններն առկա են WikiLeaks կայքի` դեկտեմբերի 5-ի հրապարակած գաղտնի փաստաթղթում, որը թվագրված է 2010 թվականի մայիսի 12-ով:

Բըրնսի հետ հանդիպման ժամանակ Սինիրլիօղլուն նաև նշել է, որ երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների շարքում «լուրջ արձագանք» կա Արձանագրությունների վավերացման դեմ, որը Թուրքիայի կառավարությունը պետք է հաղթահարի, և դրանից հետո միայն նախաձեռնի վավերացումը:

Սինիրլիօղլուի խոսքերով` ԱՄՆ Կոնգրեսում քննարկվելիք Հայոց Ցեղասպանության բանաձևը կբարդացնի «Արձանագրությունների վավերացման վերաբերյալ Թուրքիայի կառավարության ներքին քաղաքական հաշվարկները»:

Թուրք պաշտոնյան նշել է նաև, որ «եթե Ադրբեջանի նախագահ Ալիևի համար ինչ-որ ընդունելի բան կարելի է գտնել», ապա Թուրքիան կարող է առաջ շարժվել Արձանագրությունների հետ կապված գործընթացում: Թուրքիայի արտաքին գործերի նախարության ներկայացուցիչը նշել է, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեն Մինսկի խմբի շրջանակներում համաձայնեցված ձևաչափի մասին, ապա դա Թուրքիայի կառավարության համար առաջ շարժվելու համար անհրաժեշտ քաղաքական առիթ կհանդիսանա:  

Զրույցի ընթացքում Բիլ Բըրնսը, իր հերթին, հետաքրքրվել է Սինիրլիօղլուից, թե ինչ վիճակում է գտնվում Թուրքիայի և Ադրբեջանի միջև բնական գազի մասին համաձայնագիր կնքելու հեռանկարը: Թուրքիայի ԱԳՆ չինովնիկը պատասխանել է, որ «Ալիևը համաձայնագիրը Արձանագրությունների գործընթացին պատանդ է պահում»:

«Նա մեզ չի վստահում», – նշել է Սինիրլիօղլուն: