Home / Հայաստան / WikiLeaks-ի հիմնադիրը կհանդիպի բրիտանացի ոստիկանների հետ

WikiLeaks-ի հիմնադիրը կհանդիպի բրիտանացի ոստիկանների հետ

WikiLeaks.org կայքի հիմնադիր ավստրալացի լրագրող Ջուլիան Ասանջի փաստաբան Մարկ Սթիվենսը մտադիր է հանդիպում կազմակերպել Ասանջի և բրիտանական ոստիկանության միջև, որի ընթացքում Ասանջը հարցաքննվելու է Շվեդիայում սեռական ոտնձգություններ իրականացնելու մեջ մեղադրվելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Ջուլիան Ասանջի կայքը նոյեմբերի 28-ից հրապարակում է ԱՄՆ Պետդեպի դիվանագիտական գաղտնի նամակագրությունը, իսկ մինչ այդ wikileaks.org-ում փաստաթղթեր են հրապարակվել Իրաքի և Աֆղանստանի պատերազմների մասին:

«Մենք նախապատրաստական աշխատանքների փուլում ենք, որից հետո հանդիպելու ենք ոստիկանության հետ»,- ասել է Սթիվենսը: Սակայն վերջինս չի մանրամասնել, թե երբ է տեղի ունենալու այդ հանդիպումը:

Ինչպես տեղեկացնում է AP գործակալությունը, Ասանջը այս պահին Մեծ Բրիտանիայի տարածքում է, բայց նրա գտնվելու կոնկրետ վայրը դեռ հայտնի չէ:
Բրիտանական ոստիկանությունը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ փաստաբանի հայտարարության վերաբերյալ:

Նշենք, որ 39-ամյա ավստրալացուն կասկածում են բռնաբարության, սեռական ոտնձգություններ իրականացնելու մեջ: Նոյեմբերի 30-ից, երբ Շվեդիան Ասանջի ձերբակալության միջազգային օրդեր է տվել, նրան փնտրում է նաև Ինտերպոլը: