Home / Հայաստան / Երեք կովկասցիներ ծանր վիրավորվել են Մոսկվայի անկարգությունների ժամանակ

Երեք կովկասցիներ ծանր վիրավորվել են Մոսկվայի անկարգությունների ժամանակ

Մոսկվայում զանգվածային անկարգությունների հետևանքով տուժած երեք կովկասցիներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Մոսկվայի հիվանդանոցներ: Իրավապահ մարմինների տվյալներով` շաբաթ օրը երեկոյան ձեռքերի և կրծքի հատվածում կտրած-ծակած վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել ադրբեջանցի մի երիտասարդ: Ավելի վաղ հաղորդվում էր ևս երկու տուժած կովկասցիների մասին, ովքեր նույնպես հիվանդանոց են տեղափոխվել դանակով հասցված վերքերով:

Մասնավորապես, շաբաթ օրը` ժամը 17.00-ի սահմաններում,  մեջքի հատվածում կտրած-ծակած վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել 10-րդ դասարանի աշակերտ, ով հայտնել է, որ անհայտ անձինք իրեն վնասվածք են հասցրել Մանեժնայա հրապարակի շրջակայքում տեղի ունեցած հրմշտոցի ժամանակ:

Ավելի ուշ հիվանդանոց է հասցվել ևս մեկ երիտասարդ` որովայնի հատվածում ստացած վնասվածքով:

Ըստ «Ինտերֆաքսի» տվյալների` կիրակիի դրությամբ հիվանդանոցներում շարունակում է մնալ 6 մարդ, որոնցից մեկը` ծանր վիճակում: Տուժածների թվում ոստիկաններ չկան:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, «Սպարտակի» սպանված երկրպագու Եգոր Սվիրիդովի հիշատակին նվիրված ակցիան Մոսկվայի կենտրոնում շաբաթ օրը վերաճել էր զանգվածային անկարգությունների: Ըստ պաշտոնական տվյալների` ակցիային մասնակցել է ավելի քան 6 հազար մարդ: Անկարգությունների հետևանքով տուժել են տասնյակ մարդիկ, ավելի քան 60 մարդ ձերբակալվել է: