Home / Հայաստան / Սյունիքի մարզպետի որդին` վթարի պատճառ

Սյունիքի մարզպետի որդին` վթարի պատճառ

Վերջերս Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը (IPSC) սոցհարցումներ է արել Սյունիքի մարզում, և դրանց մանրամասների մասին տեղեկացնում է «Հրապարակ» օրաթերթը:

Հարցում կատարող երիտասարդները Գորիսից վերադառնալիս ավտովթարի են ենթարկվել: Նրանց միկրոավտոբուսին հարվածել է «մերսեդեսը», որի ղեկին է եղել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (լուսանկարում) որդին: Իսկ մեքենան եղել է մարզպետի եղբոր որդունը:

«Մեր տեղեկություններով, այդ օրը` դեկտեմբերի 5-ին, ողջ Սյունիքը նշելիս է եղել մարզի թիվ մեկ մամայի` Լիսկայի մոր ծնունդը, Գորիսում լավ կերուխում է եղել, և վարորդը` Խաչատրյանի տղան, հարբած է եղել», – գրում է օրաթերթը:

Վթարված IPSC կազմակերպության սոցիոլոգներից մի տղա շատ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են և փայծախը հեռացրել: Երբ վթարվածների հարազատներն աղմկել են, վարչապետ Տիգրան Սարգսյանը IPSC-ի տնօրենին հավաստիացրել է, որ շուխուռ չի լինելու, նշում է «Հրապարակը»` տեղեկացնելով, որ IPSC-ը, որպես կանոն, վարչապետ Տիգրան Սարգսյանի իջեցրած պատվերներն է կատարում:

Վթարից առավելապես տուժած ընտանիքին առաջարկել են մեծ գումար, որ չբողոքեն: Մյուս տուժողների` երկու աղջիկների վնասվածքները մեծ չեն, և նրանք աղմուկ չեն բարձրացրել:

«Երբ փորձում էինք այս տեղեկութունը ճշտել, պարզեցինք, որ Սյունիքում այնպիսի ահուսարսափի մթնոլորտ է տիրում, որ բոլորը վախենում են խոսել: IPSC ընկերության տնօրեն Հովհաննես Գրիգորյանը, որին Ջոնի են ասում, սկզբում մեր լրագրողին խնդրեց 15 րոպեից զանգել, ապա, հավանաբար ինչ-որ տեղից հրահանգ ստանալով, հայտարարեց, որ մեզ ասելիք չունի, քանի որ մենք «սխալ բաներ ենք գրում»», – ասված է օրաթերթի հոդվածում: