Home / Армения / Կանանց մասին սեմինարին խոսել են «ազգի հայրեր Սարգսյանի և Քոչարյանի» մասին

Կանանց մասին սեմինարին խոսել են «ազգի հայրեր Սարգսյանի և Քոչարյանի» մասին

Հայ ազգային կոնգրեսի էրեբունու տարածքային կառույցում Կոնգրեսի անդամ կանանց համար այսօր անցկացվեց «Կանանց դերը ներկա հասարակական և քաղաքական մարտահրավերների կոնտեքստում» խորագրով սեմինար-հանդիպում: Սեմինարը կազմակերպել էին Կանանց համահայկական միությունը, որի նախագահն է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տիկինը` Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, և Հելսինկյան  քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտեն: 

Սեմինարի ժամանակ ելույթ ունեցան Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, Կանանց համահայկական միության ներկայացուցիչ Անահիտ Ավանեսյանը, ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը,  հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը:

Անահիտ Ավանեսյանն իր խոսքում նշեց, որ որքան ավտորիտար և քրեականացված է լինում իշխանությունը, այնքան նվազ է լինում կանանց դերը այդ երկրում: ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն իր ելույթի սզկբում խոսեց մեր տնտեսության մասին՝ նշելով, որ երրորդ հազարամյակի առաջին տասնամյակը ամփոփեցինք տխուր արդյունքներով, իսկ իշխանություններն անցյալ տարվա ճգնաժամից հետո պիտի դասեր քաղեին, սակայն նրանք այդպես էլ ի վիճակի չեղան հակաճգնաժամային ինչ-որ ծրագիր իրականացնելու:

Այնուհետև անդրադառնալով մեր հասարակության մեջ կանանց դերին՝ Ասատրյանը վստահեցրեց,  որ առաջիկա տասնամյակում կնոջ  դերը կտրուկ աճելու է քաղաքական հարթակում` համարելով, որ դա հասարակության առողջացման հիմք կարող է  հանդիսանալ: 
Հրանտ Տեր-Աբրահամյանը, իր հերթին, ողջունելի համարեց այն փաստը, որ Հայ ազգային կոնգրեսը կանանց վերաբերյալ քննարկումններ է անցկացնում:

«Կոնգրեսը ազատագրման շարժման կրողն է և չի կարող կնոջ ազատագրման հարցերը չշոշափել»,- նշեց Տեր-Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ քաղբանտարկյալներից ոչ պակաս հերոս են նրանց կանայք: Հրապարակախոսը կարծում է, որ Համաժոողվրդական շարժման կանայք, որոնք ևս մեծ գործ են կատարում շարժումը կանգուն պահելու գործում, փոփոխում են իրենց դերը և այդ դերի փոփոխության օրինակները հասարակության առողջացման խնդիրը կլուծեն:

Խոսելով կնոջ ազատագրման մասին՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանն ասաց, որ «ինչ կնոջ ազատագրման մասին է խոսքը, եթե մեր երկրում տղամարդը ազատագրված չի»:
«Բոլոր եվրոպական հասարակություններում, որ անցել են այդ ճանապարհը, առաջինը ազատագրվել է տղամարդը, հետո տղամարդիկ օգնել են կանանց ազատագրվել: Բայց մեր երկրում, որ տղամարդը ոչ մի իրավունքներ չունի, և առաջինը նա պիտի աշխատի և պահի իր ընտանքը… եթե դա չի կարողանում անել, նա ինչպե՞ս կարող է ազատ լինել: Իսկ կինը այս պայմաններում ինչպե՞ս կարող է ազատ լինել»,- ասաց Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը:

Անդրադառնալով նաև իշխանությունների՝ մի ընտանիքի նման ապրելու առաջարկին՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանն ընդգծել է.

«Սովետի ժամանակ ընկեր Ստալինը ժողովորդի հայրն էր, հիմա ընկեր Քոչարյանն ու Սարգսյանն են ցանկանում ազգի հայրը լինել: Ես իմ հայրը ունեցել եմ, ամեն մեկն իր լավ թե վատ հայրն ունեցել է: Ընկերներ Սարգսյան և Քոչարյան, դուք ընդամենը պաշտոնյա եք, եթե ժողվուրդը ընտրել է ձեզ, ընդամենը հինգ տարի պետք է աշխատեք և ամեն ինչ պիտի անեք, որ ժողովուրդը էլի ձայն տա ձեզ, որպեսզի դուք ստեղծագործեք: Չեք կարող, թողեք գնացեք, ուրիշները կգան»: